«Գազպրոմ»-ը ցանկանում է ֆուտբոլի ԱՊՀ ակումբային առաջնություն կազմակերպել

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության «Զենիթ» - «Թերեք» հանդիպումը, Սանկտ Պետերբուրգ, 14-ը սեպտեմբերի, 2012թ.

«Զենիթ»-ի սեփականատերերը այս գաղափարն առաջ են քաշում` նախեւառաջ ակնկալելով ուկրաինական ու բելառուսական ակումբների դրական արձագանքը։
Աշխարհի խոշորագույն էներգետիկ ընկերությունններից մեկը` ռուսական «Գազպրոմ»-ը, պատրաստվում է ԱՊՀ-ի երկրների ֆուտբոլի միացյալ առաջնություն անցկացնել: Այս մասին օրերս հայտարարեց «Գազպրոմ»-ի տնօրենների խորհրդի ղեկավար Ալեքսեյ Միլերը` ընկերությանը պատկանող «Զենիթ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում:

«Շատ-շատերը կարծում են, որ մենք կարող ենք ԱՊՀ առաջնություն կազմակերպել: Ես այդ գաղափարի համոզված կողմնակիցն եմ եւ կարծում եմ, որ երբ գա նոր առաջնության ստեղծման ժամը, մենք կսկսենք մտածված քայլեր իրականացնել` աշխատելով այն անձանց հետ, ովքեր կիսում են մեր այս մոտեցումը», - նշել է «Գազպրոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահը, որը, ի դեպ, նաեւ Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ի բաժնետերերի խորհրդի ղեկավարն է:

«Գազպրոմ»-ի տնօրենն իր այս մտահղացումը հրապարակեց մի քանի օր անց այն բանից, երբ «Զենիթ»-ի շուրջ ծագած սկանդալը հասավ գագաթնակետին:

Հիշեցնենք, որ թիմի երկրպագուների անկառավարելի պահվածքը նոյեմբերի 18-ին մոսկովյան «Դինամո»-ի հետ խաղի ժամանակ պատճառ դարձավ, որ Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն տուգանի պետերբուրգյան ակումբին` պարտադրելով նաեւ «Զենիթ»-ին տնային երկու հանդիպումներն անցկացնել դատարկ ստադիոնում` առանց հանդիսատեսների:

Ստեղծված իրավիճակում «Զենիթ»-ի ղեկավարությունը, մասնավորապես` թիմի գլխավոր տնօրեն Մաքսիմ Միտրոֆանովը, սպառնաց, որ ակումբը կարող է ընդհանրապես լքել ռուսական բարձրագույն խումբն ու ողջ կազմով եւ ենթակառույցներով տեղափոխվել Սեւաստոպոլ: «Այդ դեպքում չի բացառվում, որ մենք ուկրաինական առաջնությանը մասնակցության հայտ ներկայացնենք», - նշել էր «Զենիթ»-ի ղեկավարը:

Այժմ, ահա, Սանկտ Պետերբուրգը ներկայացնող ֆուտբոլային ակումբի սեփականատերերը նոր առաջնության ստեղծման գաղափարն են առաջ քաշում` նախեւառաջ ակնկալելով ուկրաինական ու բելառուսական ակումբների դրական արձագանքը։

Ուկրաինայում, սակայն, այս գաղափարն ակնհայտորեն մեծ ժողովրդականություն չի վայելում: Football.ua հանդեսի խմբագիր Կիրիլ Կրիժանովսկին, օրինակ, ասում է. - «Ուկրաինական ակումբներից միայն «Շախտյոր»-ի սեփականատերն է, որ խոսում է ինչ-որ միասնական նախագծերի մասին, այն էլ` ոչ թե առաջնության, այլ զուտ գավաթի մակարդակով: Երկրի մյուս առաջատար թիմերը` Կիեւի «Դինամո»-ն, Խարկովի «Մետալիստ»-ն ու Դնեպրոպետրովսկի «Դնեպր»-ը միացյալ առաջնությունում հանդես գալու որեւէ ցանկություն չունեն: Մի բան է պայքարել երկրի ներսում` Չեմպիոնների լիգային մասնակցելու հնարավորության համար, այլ է, երբ պայքարի մեջ են մտնում ֆինանսապես ավելի բարվոք վիճակում գտնվող եւս 6-8 ակումբներ»:

Բելառուսում միասնական առաջնության գաղափարին կարծես ավելի դրական են վերաբերվում` ճիշտ է, որոշ վերապահումներով:

Բելառուսական ուժեղագույն ակումբը` «ԲԱՏԵ»-ն երեկ հանդես եկավ հատուկ հայտարարությամբ, որում նշված է. - «Սկզբունքորեն կողմ լինելով միասնական առաջնության գաղափարին` այնուհանդերձ, հարկավոր է հստակեցնել մի շարք խնդիրներ` նախեւառաջ ՈւԵՖԱ-ի վերաբերմունքը նոր առաջնությանը»:

Ռուսաստանցի մասնագետների գնահատմամբ` միասնական առաջնության ստեղծումը քիչ հավանական է: «Գլխավոր խոչընդոտը, որ առկա է նոր առաջնության ստեղծման ճանապարհին, ՖԻՖԱ-ի եւ ՈւԵՖԱ-ի առարկություններն են: Այս կառույցները դեմ են ցանկացած նոր միջազգային մրցույթի անցկացմանը` բացառությամբ արդեն գոյություն ունեցողների», - գրում է ռուսաստանյան «Վզգլյադ» պարբերականի մեկնաբանը։