Թուրք պատգամավոր. Խորհրդարանական համակարգը ձախողվել է

Թուրք ընդդիմադիր պատգամավոր Շաֆակ Փավեյ

Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության անդամ, պատգամավոր Շաֆակ Փավեյը, հայ լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով թուրքական կառավարության վարած քաղաքականությանը, քննադատեց վարչապետ Ռեջեփ Էրդողանին:

Պատգամավորը, որի ներկայացրած կուսակցությունը Մեջլիսի հիմնական ընդդիմադիր ուժն է եւ խորհրդարանում ունի 135 ներկայացուցիչ, հայտարարեց, որ խորհրդարանական համակարգն այդ երկրում ձախողվել է, որովհետեւ այն չի լուծում հասարակության խնդիրները: Փավեյը օրինակ բերեց հաշմանդամների, երեխաների շահագործման, բանակային հեղաշրջումների խնդիրները, որոնց իշխող քաղաքական ուժը լուծում չի տալիս:

«Մենք այնպիսի իրականության մեջ ենք, որտեղ վարչապետի խոսքը կարող է ընդհանուր ուղղություն լինել ներքին քաղաքականության համար: Ոչ թե օրենքը կամ Սահմանադրությունն է թելադրում այս երկրում, այլ` վարչապետը», - ասաց կին պատգամավորը՝ պարզաբանելով, որ վարչապետի խոսքը կարող է օրենքի փոփոխության առիթ դառնալ:

«Եթե վարչապետը կանանց իրավունքների խախտումներից խոսի՝ քննադատելով այդ երեւույթը, ու մզկիթներում նման հայտարարություններ հնչեն, ապա կանանց իրավունքները չեն խախտվի Թուրքիայում», - վարչապետի խոսքի ուժն է ներկայացնում ընդդիմադիր պատգամավորը:

Փավեյն ասում է՝ Թուրքիան վերջին տասը տարիների ընթացքում կանանց իրավունքների խախտումներով հավասարվել է Քաթարին ու Բահրեյնին:

«Մինչդեռ մենք կարող ենք այդ հարցը միայն օրենքով լուծել», - հավելում է Փավեյը՝ խոսելով նոր Սահմանադրության նախագծի մասին, որի մշակման աշխատանքներում ընդգրկված է նաեւ իր կուսակցության ներկայացուցիչը:

Ընդդիմադիր պատգամավորն ասում է, որ իրենք փորձում են նոր Սահմանադրությունում ներառել այն բոլոր խնդիրների լուծումները, որոնք առկա են Թուրքիայում: Մինչդեռ Թուրքիայի վարչապետը ուզում է նոր Սահմանադրության մեջ ամրագրել մահապատիժը սահմանող դրույթ: Շաֆակ Փավեյն ասում է, որ ժամանակին Էրդողանը դեմ էր մահապատժին, անգամ այդ առիթով անցյալում լացում էր` կարդալով այդ մասին անչափահասների գրած նամակները:

Շարունակելով իր քննադատությունը ուղղված Թուրքիայի կառավարությանը՝ ընդդիմադիր կուսակացության ներկայացուցիչը նշում է. - «Չպետք է խաբենք ինքներս մեզ ու պետք է հասկանանք, որ այս պետությունը աշխարհիկ չէ: Երբեւէ տեսե՞լ եք, որ հայը կամ այլազգին կառավարության անդամ դառնա», - հարցնում է նա:

Ամփոփելով Փավեյը նշում է, որ վարչապետի հզորությունը հիմնված է կրոնի ու ազգայնամոլության վրա, ինչն էլ նա անընդհատ շահագործում է: