Բաքուն «պատրաստ է բանակցել մեծ խաղաղ համաձայնագրի շուրջ»

«Ադրբեջանը պատրաստ է բանակցությունների Հայաստանի հետ մեծ խաղաղ համաձայնագրի շուրջ», - այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը։

«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` Աբդուլաեւը ասել է, թե «ստատուս քվոն անընդունելի է` դա բազմիցս հաստատել են նաեւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները», եւ հերթական անգամ Հայաստանին մեղադրել է ղարաբաղյան հակամարտությունը ձգձգելու, խնդրի կարգավորման քաղաքական կամք չդրսեւորելու մեջ։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը օրերս ֆրանսիական Le Figaro թերթին տված հարցազրույցում նշել էր, որ Ադրբեջանը մերժում է համանախագահների առաջարկած Հիմնարար սկզբունքները եւ առաջարկում ուղղակիորեն բանակցել խաղաղ համաձայնագրի շուրջ։

«Սակայն խաղաղ համաձայնությունը կարող է կենսունակ լինել միայն այն դեպքում, եթե հենված է հստակ եւ բոլորի համար ընդունելի սկզբունքների վրա», - ընդգծել էր Սերժ Սարգսյանը։