Հայաստան այցելած մարդկանց թիվն աճել է 9.4 տոկոսով

Իրանցի զբոսաշրջիկները Երեւանի Հանրապետության հրապարակում, արխիվ

2012-ի առաջին երեք եռամսյակում Հայաստան այցելած մարդկանց թիվն աճել է 9.4 տոկոսով: Ըստ Պետական վիճակագրական ծառայության տվյալների՝ Հայաստան է այցելել մոտ 603 հազար մարդ:
ՄԱԿ-ի զբոսաշրջության միջազգային կազմակերպությունն ակնկալում է, որ աշխարհի զբոսաշրջիկների թիվը 2012-ին կհատի մեկ միլիարդի սահմանը դեկտեմբերին, իսկ զբոսաշրջիկների թիվը ողջ աշխարհում աճել է 3-4 տոկոսով:

Հայաստանի այցելուների թիվը աշխարհի միջինի հետ համեմատած երեք անգամ ավելի մեծ է, ինչը ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը համարում է պետություն-մասնավոր սեկտոր լավ համագործակցության արդյունք: Անցած 9 ամիսների ընթացքում զբոսաշրջային մի շարք ընկերություններ պետական համաֆինանսավորմամբ մեկնել են միջազգային ցուցահանդեսների, կազմակերպվել են փառատոներ, կնքվել են համաձայնագրեր եւ այլն:

Ոլորտում կատարած ուսումնասիրություններից փոխնախարարին հայտնի է, որ երբ Հայաստանում մի քանի մեծ միջոցառումներ են անցկացվում միաժամանակ, չեն բավարարում հյուրանոցները, քիչ են հատկապես միջին գնի հյուրանոցները: Երկրի տարբեր հատվածների զբոսաշրջային կետերում չկան աղբամաններ ու զուգարաններ:

«Ինչ վերաբերում է աղբամաններին, եկեք նայենք համեմատության եւ ժամանակի մեջ: Այո՛, տեղեր կան, որտեղ մենք դեռեւս ունենք խնդիր: Մենք սրանից 5-7 տարի առաջ շատ վատ իրավիճակ ունեինք Չարենցի կամարի մոտ, Գառնի-Գեղարդ ուղղության վրա, այսօր այդ ուղղությունը իդեալական է: Դա բավական ծախսատար ու պետության հոգածության խնդիր է», - նշեց նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը:

Ճամփորդողների համար մեկ այլ կարեւոր խնդրի՝ զուգարանների բացակայության մասին խոսելով՝ Արա Պետրոսյանը նշում է, որ փոփոխություններ են կատարվել «Առեւտրի եւ ծառայությունների մասին օրենքում», որը պարտավորեցնում է ճանապարհներին բենզինի եւ գազի լցակայաններին անպայման կառուցել ու հանրության համար հասանելի դարձնել զուգարանները:

Հստակ ամսաթիվ փոխնախարարը չի նշում, բայց խոստանում է, որ կբարեփոխվեն նաեւ սահմանային անցակետերն ու կհամապատասխանեցվեն միջազգային ստանդարտներին:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք դեպի Հայաստան թռիչքների բարձր գները չեն խոչընդոտո՞ւմ զբոսաշրջությանը, եւ ինչ կարելի է անել, որպեսզի Երեւան ավիաընկերությունները թռչեն նույն գներով, ինչ Թբիլիսի, Պետրոսյանը պատասխանեց, որ իրենց ուսումնասիրությամբ Երեւանի գները Թբիլիսի գներից զգալիորեն թանկ չեն, ընդամենը 5-10 տոկոսով:

Այնինչ ինտերնետում տոմսեր փնտրելիս պարզվում է, որ Թբիլիսից Եվրոպայի տարբեր քաղաքներ մեկնող ավիաընկերությունները մի քանի անգամ ավելի շատ են, քան Երեւանից մեկնողները, գների տարբերությունը՝ զգալի:

2012-ի առաջին երեք եռամսյակներում Հայաստանից արտասահման է մեկնել մոտ 608 հազար մարդ:

Տարածված կարծիքին, թե հայերը Հայաստանում չեն հանգստանում, որովհետեւ այստեղ հանգիստն ավելի թանկ է, փոխնախարարը բոլորովին համաձայն չէ ու նշում է, որ Հայաստանի ներքին տուրիզմն էլ աճ ապրել է 10-13 տոկոսով, ինչը պայմանավորված է նաեւ պետական աշխատողներին տրված սոցիալական փաթեթներով: