Ուկրաինական ընդդիմությունը պահանջում է նոր ընտրություններ անցկացնել

Ուկրաինա - Բողոքի ցույցը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ, Կիեւ, 6-ը նոյեմբերի, 2012թ.

Իշխանությունները, սակայն, կոչ են անում մոռանալ բոլոր տեսակի արտահերթ ընտրությունների մասին։
Անցած գիշեր ուկրաինացի հատուկ ջոկատայինները երկու անգամ անընդմեջ փորձել են ցրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ հավաքված ընդդիմադիր ցուցարարներին, սակայն երկու անգամ էլ ընդդիմության կողմնակիցներին հաջողվել է հետ մղել հարձակումը:

Այսօր առավոտյան ընդդիմադիրները շարունակել են բողոքի ակցիան` պահանջելով չեղյալ հայտարարել հոկտեմբերի 28-ի քվեարկության արդյունքները եւ նոր ընտրություններ անցկացնել:

Հիշեցնենք, որ ուկրաինական երեք ընդդիմադիր կուսակցությունները` «Բատկիվշինա»-ն, բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոյի ՈւԴԱՌ կուսակցությունն ու ազգայնական «Սվոբոդա»-ն սպառնում են վայր դնել մանդատները` այսպիսով, փաստորեն, կաթվածահար անելով յոթերորդ գումարման Գերագույն ռադայի աշխատանքը:

Երկուշաբթի օրը դիմելով ընդդիմության կողմնակիցներին` «Բատկիվշինա»-ի առաջնորդ Արսենի Յացենյուկը նշում էր, որ քվեարկությունից մեկ շաբաթ անց էլ առնվազն 13 ընտրատարածքային հանձնաժողովներ շարունակում են կեղծել ամփոփիչ արձանագրությունները:

«Եթե ընտրատարածքային հանձնաժողովներում այս կեղծարարությունը շարունակվի, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չանցնի Սահմանադրության եւ ինչն ամենաէականն է` քվեների մեծամասնությունը ընդդիմության թեկնածուներին տված ուկրաինացի ժողովրդի կողմը, ապա հստակ կլինի, որ նման ընտրությունների արդյունքները ճանաչել չի կարելի», - նշել է Յացենյուկը:

Ի դեպ, ընդդիմության փաստացի հաղթանակի մասին հայտարարությունները դատարկ խոսքեր չեն: Վերջին պաշտոնական տեղեկությունների համաձայն` միայն համամասնական ընտրակարգով ընդդիմադիր երեք կուսակցությունները ստանում են քվեների 50 տոկոսը` Յանուկովիչի Ռեգիոնների կուսակցության 30 տոկոսի դիմաց:

Ստեղծված իրավիճակում ՈւԴԱՌ կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն ավելի հեռուն է գնում` կոչ անելով մտածել նաեւ երկրի նախագահի հրաժարականի մասին. - «Մենք կոչ են անում նախագահ Վիկտոր Յանուկովիչին որպես Սահմանադրության երաշխավորի` միջամտել քվեների հաշվարկի գործընթացին` ապահովելով օրենքի գերակայությունը: Եթե օրենքը ոտնահարվում է, այդ դեպում ո՞ւմ է պետք Սահմանադրության նման երաշխավորը: Ես համոզված եմ, որ եթե նա այժմ չկատարի իր նախագահական պարտականությունները, ապա մենք խորհրդարանական կրկնակի ընտրությունների հետ մեկտեղ պետք է անցկացնենք նաեւ արտահերթ նախագահական ընտրություններ»:

Ուկրաինական իշխանությունները, սակայն, կոչ են անում ընդդիմությանը մոռանալ բոլոր տեսակի արտահերթ ընտրությունների մասին: Որպես խորհրդարանական նոր ընտրությունների անհնարինության պատճառ կառավարության ներկայացուցիչները մատնանշում են ոչ թե հոկտեմբերի 28-ի քվեարկության արդար ընթացքը, այլ` ֆինանսական խնդիրները: «Մենք այդքան գումար չունենք, որ կյանքի կոչենք ընդդիմության բոլոր աբսուրդային գաղափարները», - հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը. - «Իրավիճակն աշխարհում եւ երկրում այնպիսին չէ, որ մենք մեզ թույլ տանք կրճատել թոշակները, աշխատավարձերը, երկրին անհրաժեշտ կարեւորագույն նախագծերի ֆինանսավորումը` հանուն ֆանտաստիկ գաղափարների իրագործման»:

Անցած գիշեր ուկրաինական ԿԸՀ-ն որոշեց կրկնակի ընտրություններ անցկացնել երկրի 13 մեծամասնական ընտրատարածքներում: Այդ բոլոր ընտրատարածքներում, սակայն, նախնական տվյալներով, հաղթում են հենց ընդդիմության թեկնածուները:

ԿԸՀ-ի այս որոշումը, այդուհանդերձ, ուժի մեջ մնաց մի քանի ժամ միայն: Կեսօրին, դեռեւս գործող վեցերորդ գումարման Ռադան հանձնարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովին մինչեւ նոյեմբերի 9-ը հատուկ քննության ենթարկել բոլոր վիճահարույց ընտրատարածքներից ստացված արձանագրությունները: Նոր ընտրությունների հնարավորությունը Ռադայում բացառում են: