Նախարարները «վերահաստատեցին իրենց վճռականությունը»

Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության

Փարիզում կայացավ Նալբանդյանի եւ Մամեդյարովի առաջին հանդիպումը Սաֆարովի հետ կապված հայտնի իրադարձություններից հետո։
Շաբաթ օրը Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի, Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: Այնուհետեւ հանդիպումը շարունակվել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի մասնակցությամբ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, համանախագահներն ընդգծել են կողմերի միջեւ լարվածության նվազեցման կարեւորությունը: Իբրեւ աշխատանքային առաջարկ, նրանք ներկայացրել են իրենց գաղափարները` խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, նախարարները վերահաստատել են իրենց վճռականությունը` շարունակելու համանախագահների հետ համատեղ աշխատանքը` խաղաղ կարգավորման հասնելու նպատակով: Նախարարները եւ համանախագահները պայմանավորվել են այդ գաղափարների շուրջ քննարկումները շարունակել համանախագահների` նոյեմբերին տարածաշրջան կատարելիք այցի ընթացքում:

Սա Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների առաջին հանդիպումն էր օգոստոսի 31-ին Հունգարիայի կողմից ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից եւ Ադրբեջանի նախագահի կողմից նրան ներում շնորհելուց ի վեր։ Սեպտեմբերի վերջին Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում, Նալբանդյանը եւ Մամեդյարովը առանձին հանդիպումներ էին ունեցել համանախագահների հետ։