Հայ դատի որոշումը «վերջնական չէ»

ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներ Բարաք Օբաման եւ Միթ Ռոմնին հոկտեմբերի 16-ին Նյու Յորքում կայացած բանավեճի ժամանակ

Միացյալ Նահանգներում նախագահության թեկնածուներից որեւէ մեկին չսատարելու՝ Հայ դատի որոշումը դեռեւս վերջնական չէ եւ կարող է վերանայվել, եթե առաջիկա շաբաթների ընթացքում Բարաք Օբաման կամ Միթ Ռոմնին, այդուամենայնիվ, փոխեն իրենց դիրքորոշումը հայկական հարցերի շուրջ։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց California Courier թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը՝ հիշեցնելով, որ այժմ երկու թեկնածուների վարկանիշների միջեւ տարբերությունը շատ փոքր է, իսկ հայ համայնքի աջակցությունը՝ խիստ կարեւոր։

«Տակավին մի շանս կա. վերջին րոպեին, որ թեկնածուներից մեկը կամ մյուսը, տեսնելով, թե իսկապես պիտի պարտվեն, եթե չկարողանան սիրաշահել փոքր տարբերությամբ քվեների թիվը, եւ հայկական համայնքը այդտեղ կարող է վճռորոշ դեր կատարել», - ասաց ամերիկահայ լրագրողը` շարունակելով. - «Տակավին երկար օրեր կան մինչեւ ընտրություն, եւ շատ բան կարող է փոխվել մինչեւ ընտրության օրը»։

Հիշեցնենք՝ անցած շաբաթ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտարարեց, թե նախագահության երկու թեկնածուներն էլ հիասթափեցրել են ամերիկահայերին. Օբաման դրժել է ցեղասպանությունը ճանաչելու եւ հայամետ քաղաքականություն որդեգրելու իր խոստումը, մինչդեռ Ռոմնին այդպես էլչի հստակեցրել այս հարցերի շուրջ իր դիրքորոշումը՝ հայաշատ Մասաչուսեթսում ղեկավարած չորս տարիների ընթացքում։ Ուստի, Հայ դատի հանձնախմբի հայտարարության համաձայն, այս անգամ իրենք որոշել են պաշտոնապես չսատարել նրանցից որեւէ մեկին, որոշում, որը, ըստ Հարութ Սասունյանի, աննախադեպ է համայնքի ողջ պատմության մեջ։

«Առաջին անգամն է նախագահական մակարդակով, որ այսպիսի որոշում է ընդունվում։ Սրանից առաջ Հայ դատի հանձնախումբը նման որոշում կայացրել է ավելի ցածր պաշտոնների համար, օրինակ` կոնգրեսականների կամ նահանգապետների մակարդակով», - ընդգծեց Սասունյանը։

Ավելի վաղ Հայ դատի գրասենյակը նամակ էր հասցեագրել Սպիտակ տան ղեկավարի երկու հավակնորդներին՝ նախագահ Օբամային եւ նահանգապետ Ռոմնիին, կոչ անելով դեմ առ դեմ զրույց ունենալ հայերի հետ եւ պարզաբանել, թե ինչ քայլեր են նրանք մտադիր ձեռնարկել Հայոց ցեղասպանության, ղարաբաղյան խնդրի կարգավորման ու հայ - ամերիկյան հարաբերությունները ամրապնդելու ուղղությամբ։ Ըստ Հարութ Սասունյանի, նախագահության թեկնածուներից որեւէ մեկն այդպես էլ սպառիչ պատասխան չի տվել եւ չի արդարացրել իրենց սպասելիքները։

«Նախագահ Օբամայի պարագայում շատ փոքր փորձեր կատարվեցին, որ մեզ սիրաշահեն աննկատ ձեւով, բայց մեզ համար դա ընդունելի չէ, իսկ թեկնածու Ռոմնիի կողմից որեւէ փորձ չկատարվեց, որ նույնիսկ մեզ հետ հանդիպեն», - փոխանցեց ամերիկահայ լրագրողը։

«Ցավոք սրտի, հայ համայնքին առնչվող խնդիրներում ամերիկյան դաշնային քաղաքականությունը շարունակում է Անկարայի եւ Բաքվի պաշտոնյաների թելադրանքի գերին մնալ», - օրեր առաջ հայտարարեց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյանը։ Դժբախտաբար, քաղաքական եւ տնտեսական հաշվարկները գերակշռում են ավելի, քան արդարությունը եւ ճշմարտությունը՝ իր հերթին, փաստում է California Courier-ի խմբագիրը՝ միաժամանակ ընդգծելով, որ այս հաշվարկներն իրականում նախ եւ առաջ Միացյալ Նահանգների շահերին են հակասում։

Անդրադառնալով թեժ մրցապայքարին` Հարութ Սասունյանը փաստում է, որ ամեն ինչ կարող է է՛լ ավելի սրվել նախագահական երրորդ եւ վերջին բանավեճից հետո, որը տեղի կունենա այսօր Ֆլորիդա նահանգի Բոքա Ռեյթոն քաղաքում։ Վճռորոշ ընտրություններից ուղիղ տասնհինգ օր առաջ սա նախագահության թեկնածուների վերջին, ամենամեծ հնարավորությունն է՝ գրավելու չկողմնորոշված ընտրողներին, այդ թվում` հայերին, ընդ որում` բանավեճը ծավալվելու է հենց Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության խնդիրների շուրջ։