Գյումրեցի վարորդները չեն մեկնաբանում գործադուլի մասին լուրերը

Գյումրիի քաղաքապետարանը

Գյումրեցի վարորդները հրաժարվում են ասել, թե արդյոք իրականությանը համապատասխանում են այն լուրերը, որ իրենք նախօրեին գործադուլ են արել:

«Գնա էլի, ցավդ տանիմ», - «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցին ի պատասխան՝ այսօր ասացին թիվ 26 երթուղու վարորդները:

Գյումրիում նախօրեին լուրեր շրջանառվեցին, որ նորակառույց «Մուշ 2» թաղմասը սպասարկող թիվ 26 երթուղու վարորդները գործադուլ են արել: Որպես պատճառ նշվում էր, որ նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը վարորդներին զգուշացրել է, թե միկրոավտոբուսներից գանձվող գումարները այսուհետ մուտքագրվելու են համայնքային բյուջե: Դա դուր չի եկել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի շրջապատին, քանի որ երթուղիների մեծ մասը վերջինիս մերձավորներին է պատկանում:

Քաղաքապետի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ քաղաքապետարանը գործադուլի մասին տեղեկատվություն չի ստացել:

«Իսկ տրանսպորտի ոլորտը մինչ այս պահը գտնվում է մոնիտորինգի տակ, կատարվում են համապատասխան գույքագրումներ: Ուսումնասիրությունից հետո հնարավոր կլինի խոսել ոլորտում առկա խնդիրների մասին, եւ կկարողանանք արձանագրել համապատասխան փաստեր: Տրանսպորտի աշխատանքի կանգնեցվելու կամ խափանվելու մասով մենք որեւէ տեղեկություն չունենք, քաղաքապետարանում ուսումնասիրվում են առկա փաստաթղթերը: Ըստ էության, ուսումնասիրվելու են, թե իրականում ինչպես է կատարվում քաղաքում տրանսպորտային փոխադրումները, եւ այդ ուսումնասիրությունների արդյունքների մասին կտեղեկացվի ավելի ուշ», - ասաց Եգանյանը:

Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե վարորդներին դուր չի եկել, որ այսուհետ մուծումներն անելու են քաղաքապետարանում, քաղաքապետի խոսնակն ասաց. - «Այն, ինչ ենթակա է մուծվելու քաղաքապետարանին, պետք է գա համայնքային բյուջե, դա միանշանակ է»:

Հարցին, թե քանի որ նորակառույց «Մուշ-2» թաղամասում եւս 1756 բնակարան է շահագործվել, եւ բնականաբար, մարդկանց հոսքն ավելացել է դեպի թաղամասը, քաղաքապետարանը նախատեսո՞ւմ է ավելացնել սպասարկող երթուղիների թիվը, Եգանյանը պատասխանեց. - «Ուսումնասիրվում են նաեւ հարցեր, որոնք վերաբերվում են առանձին գծերի ծանրաբեռնվածությանը: Փոփոխությունների, նոր որոշումների դեպքում համապատասխան պաշտոնական հայտարարություններ եւս կարվեն»:

Ի դեպ, Գյումրիի քաղաքապետարանը ուրբաթ օրը ուշագրավ հայտարարություն տարածեց:

«Գյումրի համայնքի սեփականությունը հանդիսացող «Գազ 13» (Չայկա) մակնիշի ավտոմեքենան սեպտեմբերի 14-ին համայնքի ավագանին որոշել է աճուրդով օտարել: Արդյունքում հաղթող է ճանաչվել նույն քաղաքի բնակիչ Գեւորգ Ղուկասյանը, սակայն առուվաճառքի համապատասխան պայմանագիր չի կնքվել եւ օտարվող գույքի ընդունման-հանձնման ակտ չի կազմվել, ավելին, փաստերի ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ «Գագեմա» ՍՊԸ-ի կողմից իրականացված մեքենայի գնահատումը, որը կազմել է 100 հազար դրամ, չի կարող իրատեսական լինել: Այդ կապակցությամբ համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոն համապատասխան գույքի իրական արժեքը պարզելու համար: Մինչ այդ մեքենան պահեստավորվել էր համապատասխան ավտոտնակում, որի դռները կապարակնքված էին եւ կազմվել էր համապատասխան արձանագրություն: Այսօր (հոկտեմբերի 19-ին) կեսօրից հետո, մեքենան անհետացել է», - հայտարարել էր քաղաքապետարանը:

Մեքենայի գնորդը, ըստ շրջանառվող լուրերի, նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբայրն է: Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակն ասաց, որ մեքենայի հարցում դեռ նորություն չկա: Նա ասաց, թե ոստիկանություն դեռ չեն դիմել, բայց մեքենայի անհետացման մասին մամուլի հրապարակումները կարող են հիմք հանդիսանալ իրավապահների համար, որպեսզի վերջիններս զբաղվեն այս դեպքով:

Քաղաքապետարանում ստուգումները շարունակվում են: