Միջազգային բանագնացը ժամանեց Դամասկոս

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի եւ Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին այսօր ժամանել է Դամասկոս։

Միջազգային լրատվական գործակալությունների փոխանցմամբ` ակնկալվում է բանագնացի հանդիպումը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ։

Բրահիմիի այցի նպատակն է ջանքեր գործադրել Սիրիայում արդեն 19 ամիս շարունակվող զինված հակամարտությունում հրադադար հաստատելու համար։

Երեկ Լախդար Բրահիմին կոչ է արել Սիրիայի հակամարտության կողմերին հրադադար հաստատել հոկտեմբերի 26-ին մեկնարկող մահմեդական Էյդ ալ-Ադհա քառօրյա տոնի ընթացքում։

«Առնվազն» տոնական չորս օրերին հրադադար պահպանելու կոչով այսօր ավելի վաղ հանդես է եկել Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն։

Հրադադարի օգտին են հանդես եկել նաեւ Իրանը, Իրաքը եւ Գերմանիան։