ԱԱԾ-ն հայտնում է ադրբեջանական սադրանքի կանխման մասին

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդում է, որ իր մարմինների կողմից բացահայտվել եւ կանխվել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների հերթական սադրիչ գործունեության փորձը:

ԱԱԾ-ի մամուլի կենտրոնի հաղորդագրության համաձայն` սեպտեմբերի 24-ին Հայաստանի իրավապահ մարմիններին է դիմել Ուզբեկստանի քաղաքացի, ազգությամբ տաջիկ 33-ամյա Զամիրժոն Օտաժոնովը` պատրաստակամություն հայտնելով 20 հազար դոլարի դիմաց պայթյունների տեսքով ահաբեկչական գործողություններ կատարել Ադրբեջանի մայրաքաղաքում: Իր խոսքերը Օտաժոնովը հիմնավորել է նրանով, թե այս տարվա ընթացքում աշխատել է Բաքվի շինարարական կազմակերպություններից մեկում, սակայն տվյալ կազմակերպության տնօրինությունը հրաժարվել է վճարել իրեն կատարված աշխատանքի դիմաց, ինչի պատճառով էլ իր մոտ ատելություն է առաջացել ադրբեջանցիների հանդեպ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Օտաժոնովը Հայաստանի ԱԱԾ մարմիններին դիմել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների ուղղորդմամբ, եւ նրա գործողությունները ոչ այլ ինչ են, քան սադրանք, ասված է ԱԱԾ-ի հաղորդագրությունում։ Ադրբեջանական կողմի այս քայլերը, ըստ Հայաստանի ԱԱԾ-ի, նպատակ են ունեցել միջազգային տարբեր ատյաններում եւ լրատվամիջոցներում իրականացվող հակահայկական քարոզչությունում Հայաստանը ներկայացնել որպես ահաբեկչական գործողություններ կազմակերպող եւ հովանավորող երկիր:

ԱԱԾ-ն ուշագրավ է համարում այն հանգամանքը, որ Օտաժոնովին Հայաստան ուղարկելը կազմակերպվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու ու հերոսացնելու արդյունքում քաղաքական դժվարին իրավիճակում հայտնվելու ժամանակաշրջանում: Այսպիսով, ըստ ԱԱԾ-ի, Ադրբեջանի համապատասխան մարմինները փորձել են ուղղակիորեն օգտագործել Օտաժոնովին` միջազգային հանրության շրջանում Սաֆարովի շուրջ ստեղծված դժգոհության ալիքը մեղմելու նպատակով, եւ չնայած Հայաստանը բազմիցս հայտարարել եւ ապացուցել է, որ ահաբեկչական ցանկացած գործողություն անընդունելի եւ դատապարտելի է, սակայն, այդուհանդերձ, «ադրբեջանական կողմն իր գործած հանցանքները հնարավորինս կոծկելու համար դիմել է նման անհեթեթ արկածախնդրության»:

ԱԱԾ-ն տեղեկացնում է նաեւ, որ Օտաժոնովը վտարվել է Հայաստանից: