Քոչարյանը իր աջակցությունն է հայտնում Օսկանյանին

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանը 2007 թվականի դեկտեմբերին Երեւանում տեղի ունեցած մի հանդիսության ժամանակ

Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու առիթով չորեքշաբթի օրը հայտարարություն է տարածել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` տեղի ունեցածը որակելով «խորհրդարանի ինքնավարկաբեկման ցցուն դեպք»։

«Ուշադրությամբ ծանոթացա «գործի» հրապարակված նյութերին եւ չկարողացա գտնել գլխավոր հարցի պատասխանը` ինչ գործ ունեն ԱԱԾ-ն, դատախազությունն ու խորհրդարանը Ջոն Հանթսմանի, Վարդան Օսկանյանի եւ նրա հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի բարիդրացիական հարաբերությունների հետ: Սա խորհրդարանի ինքնավարկաբեկման ցցուն դեպք է` երկրի վարկին հասցված բացասական հետեւանքներով: Իսկ դա ամենեւին էլ այն չէ, ինչի կարիքն այսօր Հայաստանն ունի», - հայտարարում է Քոչարյանը` շարունակելով. - «Վարդան Օսկանյանը ամենահաջողակ նախարարներից էր եւ իշխանության փորձությանը դիմացած հայ քաղաքական գործիչներից մեկն է: Արդյունավետ ու ազնիվ էր ինչպես նախկինում` իշխանության մեջ, այնպես էլ` հիմա: Բացառիկ արդարամիտ է, եւ սա հազվադեպ որակ է մեր քաղաքական իրողություններում»:

«Այդպիսի որակների եւ վաստակի համադրություն ունեցող մարդկանց պետք է փայփայել, այլ ոչ թե հետապնդել, թեկուզ հանուն սեփական հեղինակության: Առավել եւս, որ նա շատ լուրջ ընտրազանգված ունեցող կուսակցություն է ներկայացնում», - ասված է նախկին նախագահի հայտարարությունում։

«Այս ամբողջ պատմության անհեթեթությունը հիասթափեցնող է: Ցավում եմ կատարվածի համար եւ իմ համակրանքն ու աջակցությունը հայտնում Վարդան Օսկանյանին», - հայտարարությունը եզրափակում է Ռոբերտ Քոչարյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու` գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությունը Ազգային ժողովը բավարարեց երեքշաբթի օրը։

Գալուստ Սահակյանը կասկածի տակ է առնում Քոչարյանի հայտարարության իսկությունը

Իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք կիսո՞ւմ են Ռոբերտ Քոչարյանի այն պնդումը, որ խորհրդարանը վարկաբեկել է ինքն իրեն, ասաց. - «Ես այն կարծիքին չեմ, որ սա վարկաբեկեց խորհրդարանին: Ես կարող եմ անհեթեթություն որակել հանցագործությունների վրա աչք փակելը, կարող ենք անհեթեթություն եւ խորհրդարանի վարկաբեկում որակել, երբ խորհրդարանը հնարավորություն չտա համապատասխան իրավապահ մարմիններին իրականացնելու Սահմանադրությամբ իրենց վրա վերապահված ֆունկցիաները: Անհեթեթություն եմ որակում նման իրավական խնդիրներին քաղաքական աստառ հաղորդելը: Սա էլ իմ կարծիքն է»:

Առավել ուշագրավ կարծիք հայտնեց իշխող կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը` նշելով, թե կասկածում է, որ այդ հայտարարությունը իրականում Ռոբերտ Քոչարյանն է արել, քանի որ այն սկզբունքը, համաձայն որի, իրենք զրկեցին Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից, իր նախագահության տարիներին կիսում էր նաեւ Քոչարյանը: Եթե չէր կիսում այդ սկզբունքը, ապա գոնե մեկ անգամ կասեր այդ մասին, ասաց ՀՀԿ փոխնախագահը:

«Ոճը Ռոբերտ Քոչարյանի ոճը չէ, … կասկածներ ունեմ, իհարկե, որովհետեւ դա մի սկզբունք է, որը մշտապես կիրառվել է Հանրապետականի կողմից մասնավորապես: Նման դեպքերում, երբ դատախազությունը դիմում է Ազգային ժողովին, մենք պիտի կարողանանք թնջուկը վերացնել: Համենայդեպս, իր նախագահության օրոք որեւէ դեպք չկա, որ մենք կանխենք լիազոր մարմնի գործողությունները», - ասաց նա:

Հարցին, թե ո՞վ կարող էր Ռոբերտ Քոչարյանի անունից նման հայտարարություն տարածել, Սահակյանը պատասխանեց, թե չի կարող ասել. - «Պարզապես լարված քաղաքական իրավիճակներում շատ դժվար է մտածել, թե մեսիջները որտեղից են գալիս, ինչ են փորձում ապացուցել դրանով: Համենայնդեպս, մենք մեր քվեարկության արդյունքներից հանգիստ ենք»:

Քոչարյանի հայտարարության հետ կապված իր տարակուսանքը հայտնեց նաեւ ՀՀԿ-ի մեկ այլ փոխնախագահ, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Աշոտյանի մոտ տարակուսանք էր առաջացրել երկրորդ նախագահի այն հայտարարությունը, թե «ի՞նչ գործ ունեն ԱԱԾ-ն, դատախազությունն ու խորհրդարանը Ջոն Հանթսմանի, Վարդան Օսկանյանի եւ նրա հիմնադրած «Սիվիլիթաս»-ի հետ»:

«Արդյոք մեր երկրում կա՞ն կամ պետք է լինե՞ն հասարական կամ պետական ինստիտուտներ, որոնք պետք է գործեն օրենքից դուրս, եւ երկրորդ` արդյոք խորհրդարանի երեկվա որոշումը խա՞չ է Վարդան Օսկանյանի քաղաքական կարիերայի վրա», - հարցնում է Աշոտյանը:

ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը չցանկացավ կոնկրետ գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը` նշելով, թե շատ ավելի խոսուն կլինի իր լռությունը:

«Որովհետեւ բոլորի համար իրականությունը պարզ է, եւ պարզ է այն ընթացքը, որով քվեարկողները գնացին` ընդդեմ եւ ի հակառակումն արդարության դրսեւորումների», - ասաց նա: