Հումանիտար օգնությունը Սիրիա ուղարկելու հարցում խնդիրներ են առաջացել

Կամավորները ներս են տեղափոխում սիրիահայերի համար հավաքված սննդամթերքը

Սիրիահայերին աջակցելու համար ստեղծված «Օգնիր եղբորդ» հասարակական շարժումը բանակցություններ է վարում օդային բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների ու ապահովագրական ընկերությունների հետ, որպեսզի վերջին տաս օրերի ընթացքում հավաքված հումանիտար օգնությունն ուղարկվի Սիրիա:

Արդեն հավաքվել է 30 տոննա պարենամթերք, որը պետք է տեղափոխվի երկու ինքնաթիռով: Սննդամթերքով սիրիահայերին օգնելու ցանկություն են հայտնել գործարարներ Հայաստանից, ինչպես նաեւ իր օգնությունն է ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի կառավարությունը:

Հայ հեղափոխական դաշնակցությունն ակտիվ մասնակցություն ունի այս նախաձեռնության ստեղծման մեջ: Դաշնակցության ղեկավար անդամ Վահան Հովհաննիսյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ քանի դեռ բանակցությունները չեն ավարտվել, իրենք մտադրություն չունեն հրապարակել այն ապահովագրական ընկերությունների անունները, որոնք թանկացրել են ապահովագրական վճարները: Հովհաննիսյանը այս հարցը երկուշաբթի օրը բարձրացրել է նաեւ Ազգային ժողովի ամբիոնից` քննադատության ենթարկելով ապահովագրական ընկերություններին:

«Ապահովագրական ընկերությունները վեց անգամ գինը բարձրացրեցին` օգտվելով այս իրավիճակից: Սա, իմիջիայլոց, մեր միասնականության եւ մեր հայրենասիրության մասին...», - ասել է նա:

Շուրջ 15 միլիոն դրամ է հավաքվել Հովհաննիսյանի հաշվեհամարին, որն էլ ծախսվում է պարենի ձեռքբերման, ինչպես նաեւ մասնավոր օդային բեռնափոխադրում իրականացնող ընկերության ինքնաթիռների վարձակալության համար: Գումարը փոխանցվում է Հովհաննիսյանի հաշվեհամարին, քանի որ ստեղծված շարժումը իրավաբանական կարգավիճակ չունի:

Հայաստանի ազգային սկաուտական շարժման գրասենյակում արդեն փաթեթավորվել է 15 տոննա սննդամթերքը: Վահան Հովհաննիսյանի օգնական Վահան Վարդանյանը թվարկում է երիտասարդ կամավորների օգնությամբ խնամքով դարսված փաթեթները` ձավար, շաքարավազ, ձեթ, յուղ, ջեմ, մակարոնեղեն եւ պահածոներ: Ինքնաթիռներին սպասող պարենային օգնության առաջին խմբաքանակը կբավարարի հազար ընտանիքի:

Դաշնակցական Լիլիթ Գալստյանն ասում է, որ սպասում են բանակցությունների ավարտին, ու հավանաբար այս շաբաթավերջին հնարավոր կլինի առաջին ինքնաթիռն ուղարկել Հալեպ: Նա նշում է, որ իրականում դժվար է օդային ճանապարհով բեռներ տեղափոխել Հալեպ:

«Նաեւ պիտի փորձենք հասկանալ, որ պատերազմական գոտում օդային բեռնափոխադրումներ իրականացնելը իսկապես նուրբ թեմա է եւ իսկապես անվտանգության, օդանավերի ապահովագրության խնդիր կա եւ այլն», - ասում է Գալստյանը:

«Օգնիր եղբորդ» հասարակական շարժումը շարունակում է նյութական ու ֆինանսական օգնության հավաքագրումը:

Բեռնափոխադրում իրականացնող ընկերություններից մեկում «Ազատություն» ռադիոկայանին ոչ պաշտոնապես փոխանցեցին, որ օդային տրանսպորտն այս շրջանում պարզապես ապահովագրված չէ Սիրիա թռիչքներ կատարելու համար եւ որ ապահովագրական ընկերություններն այդ ուղղությամբ թռիչքները չեն ապահովագրում: