Բունդեսթագի փոխնախագահը հանդիպել է ԱԺ-ի ղեկավարության հետ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը այսօր ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեին:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել հայ - գերմանական հարաբերությունների ներկա մակարդակը` նշելով, որ Գերմանիայի հետ քաղաքական երկխոսությունը կարեւորվում է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով: Նա ընդգծել է միջխորհրդարանական կապերի զարգացման կարեւորությունը:

Բունդեսթագի փոխնախագահը շեշտել է, որ Գերմանիայի խորհրդարանը մեծապես շահագրգիռ է խորացնել եւ ամրապնդել Հայաստանի խորհրդարանի հետ գործակցությունը:

Երկուստեք կարեւորվել է Բունդեսթագի կողմից հովանավորվող Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ ծրագիրը եւ դրա շարունակականությունը:

Անդրադարձ է եղել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

Բունդեսթագի փոխնախագահի հետ այսօր հանդիպել են նաեւ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։