Վրաստանում ընդդիմությանը մեղադրում են քրեական տարրերի հետ գործակցելու մեջ

Վրաստանում հոկտեմբերի 1-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել` հիմքում դնելով այն մեղադրանքը, թե վրացական ընդդիմության ներկայացուցիչները պայմանավորվածություն են ձեռք բերել տեղի քրեական հեղինակությունների հետ` գալիք ընտրություններում վերջիններիս աջակցությունը ստանալու համար։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն։

Դատախազությունը հրապարակել է տեսանյութ եւ լուսանկարները, որոնց համաձայն` վրացական ընդդիմության ակնառու ներկայացուցիչներից մեկը` նախկին նախարար, ռեժիսոր Գեորգի Խաինդրավան «օրենքով գող» Ռեւազ Լորդկիպանիձեի` Ֆրանսիայի հարավում գտնվող տանը անցած տարվա նոյեմբերին հանդիպում է ունեցել վրացի քրեական հեղինակությունների հետ եւ կոչ արել նրանց խորհրդարանական ընտրությունների ժամանակ աջակցել ընդդիմությանը։

Վրաստանի գլխավոր դատախազությունից փոխանցում են, որ նյութերը պաշտոնական Թբիլիսիին են տրամադրել Ֆրանսիայի իրավապահ մարմինները։