Հայաստանի նախագահը եւ վարչապետը շնորհավորել են Մեդվեդեւին ծննդյան օրվա առթիվ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր շնորհավորական ուղերձներ են հղել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին՝ ծննդյան օրվա առթիվ:

Սերժ Սարգսյանի ուղերձում, որի տեքստը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքէջում, մասնավորապես, ասված է. - «Հայաստանում բարձր են գնահատում Ձեր անձնական ներդրումը մեր երկրների ժողովուրդների բարեկամության բազմադարյա ավանդույթների բազմապատկման գործում, որոնք այսօր զարգանում են ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային փոխգործակցության ամուր հիմքի վրա: Մենք, իրավամբ, կարող ենք հպարտանալ երկկողմ համագործակցության հաջողություններով, քաղաքական, առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ մշակութային-հումանիտար ոլորտներում համատեղ կարեւորագույն նախաձեռնություններով: Ձեր հետեւողական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում նույնպես արժանի են ամենախորը երախտագիտության: Վստահ եմ, որ բոլոր մակարդակներում ինտենսիվ շփումների շարունակությունը կնպաստի հայ - ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման ու ամրապնդման ուղղությամբ ձեռք բերված բարձր պայմանավորվածությունների իրականացմանը»:

Տիգրան Սարգսյանի ուղերձում, որը տարածել է կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, մասնավորապես, ասված է. - «Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերը, ուղղված Հայաստանի եւ Ռուսաստանի տնտեսությունների հետագա ինտեգրացիային, կհանգեցնեն շոշափելի արդյունքների՝ մեր երկու երկրների միջեւ առկա ռազմավարական համագործակցությանը հաղորդելով նոր բովանդակություն»:

Ռուսաստանի վարչապետ, նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւը այսօր դարձավ 47 տարեկան։