Բնապահպան ակտիվիստները Երեւանում վաճառում են Թեղուտից բերված մեղրը

Your browser doesn’t support HTML5

Բնապահպան ակտիվիստները Երեւանում վաճառում են Թեղուտից բերված մեղրը

«Փրկենք Թեղուտը» նախաձեռնության անդամները արդեն երկու շաբաթ Երեւանում վաճառում են Թեղուտից բերված մեղրը` հատուկ տպված պիտակներով:
«Մեզ համար ոչ միայն Թեղուտի անտառն է կարեւոր, այլեւ այնտեղ ապրող մարդիկ», - նշում է նախաձեռնության անդամ Լենա Նազարյանը, ով մի խումբ երիտասադների հետ Թեղուտի տնտեսության զարգացման այլընտրանքային ծրագիր է մշակել, որը շրջանցում է հանքի շահագործումը:

Երիտասարդները պլանավորել են Թեղուտի անտառի հարակից գյուղերի բնակիչների արտադրած բնամթերքը Երեւան բերել ու գյուղացու առաջարկած գնով, առանց միջնորդավճարի վաճառել: Ակցիան մեկնարկել է մեղրի վաճառքով:

«Մենք մեր այս ակցիայով ցանկանում ենք ցույց տալ, որ այդ շրջաններում որպես այլընտրանք հնարավոր է գյուղատնտեսության զարգացումը», - հայտնում է Ռուզան Գրիգորյանը:

«Փրկենք Թեղուտը» նախաձեռնության անդամների Լոռու մարզ այցելությունների ժամանակ Թեղուտի որոշ բնակիչներ հայտնել էին, որ աշխատանք ունենալը իրենց համար խիստ կարեւոր է, եւ այդ պատճառով դեմ չեն արտահայտվում հանքի շահագործմանը: Մեղրի վաճառքի ակցիան իրականացնողները վստահ են, որ հանքափորի ստացած աշխատանվարձը Լոռու մարզում հնարավոր է վաստակել գյուղատնտեսական աշխատանքի միջոցով:

Նախաձեռնող խմբի անդամները այժմ վեբ կայք են ստեղծում, որի միջոցով հետագայում կկազմակերպվի բնամթերքի առեւտուրը:

«Սա մեր ծրագրի նախնական փուլն է: Մենք հասկանում ենք, որ այս ծրագիրը առանց մեզ շարունակություն չի կարող ունենալ, եւ մեր նպատակն այն է, որ ստեղծենք այն բոլոր մեխանիզմները, որ հնարավորություն կտան գյուղացուն գնորդի հետ անձամբ կապվելու», - ասաց Ռուզան Գրիգորյանը:

«Եթե Թեղուտի հանքը շահագործվի, մենք մյուս տարի մեղրի վաճառքով չենք զբաղվի, որովհետեւ չենք գովազդի ծանր մետաղներով հարուստ մեղր, որը մենք ինքներս էլ չենք ուտի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը: