Նորիկ Սարգսյան․ Ճանապարհային ոստիկանության աշխատանքում շատ բան է փոխվել

Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյան

Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը սեպտեմբերի 7-ին «Ազատություն» TV-ի եթերում հանդես եկավ ֆեյսբուքյան ասուլիսով։

Սոցիալական ցանցի օգտատերերի կողմից Նորիկ Սարգսյանին ուղղված հարցերը հիմնականում վերաբերում էին հենց պետավտոտեսուչների կողմից որոշ խախտումներին, վարորդների կողմից դժգոհություններին։

Օգտատերերից մեկը հարցրել էր․ - «Ճանապարհային ոստիկանությունը փակվելու է եւ կցվելու է ոստիկանությա՞նը։ Ինչպե՞ս են տարվելու այդ դեպքում աշխատանքները»։

«Խոսքը համայնքային ոստիկանություն ստեղծելու մասին», - պարզաբանեց Նորիկ Սարգսյանը, - «Դրանք ոստիկանության կառուցվածքում ստեղծվող նոր ստորաբաժանումներ են, որոնք ընդհանրապես չեն զբաղվելու ճանապարհային երթեւեկության կարգավորման հիմնախնդիրներով։ Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովումը մնում է ճանապարհային ոստիկանության հիմնական խնդիր»։

Օգտատերերից մեկը գրել էր, որ ինքը հաճախ է նկատել, երբ հենց պետավտոտեսչության աշխատակիցները, խախտելով օրենքը, ամրագոտի չեն կապում։

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության մասին օրենքով է նախատեսված, որ օպերատիվ ծառայություններ իրականացնող, համապատասխան լուսային եւ ձայնային ազդանշաններով կահավորված տրանսպորտային միջոցները բնակավայրերում երթեւեկում են առանց ամրագոտի։ Իսկ ինչ վերաբերում է բնակավայրից դուրս երթեւեկությանը, ես չեմ բացառում, որ կլինեն դեպքեր։ Եթե կհայտնաբերվեն մեր կողմից՝ պարտադիր պատասխանատվության կենթարկվեն», - նշեց ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետը։

Մի շարք օգտատերեր անդրադարձել էին մայրաքաղաքից դուրս ճանապարհներին՝ ինչպես իրենք էին նշում՝ դարանակալած ավտոտեսուչների գործունեությանը։

«Հարցը արդիական կլիներ, եթե հնչեր 3 տարի առաջ։ Ես չեմ կարծում այսօր կտեսնես դարանակալած, թփերի հետեւում թաքնված ճանապարհային ոստիկանի, որովհետեւ մեզ մոտ ընդունված է պարեկությունը միայն շրջիկ եղանակով», - պատասխանեց Նորիկ Սարգսյանը։ - «Եթե տրանսպորտային միջոցի մեջ նստած հետեւում են ընդհանուր երթեւեկությանը, դա թույլատրված է իրենց, բայց ոչ՝ թաքնված վայրերում»։

Նորիկ Սարգսյանը նաեւ ասաց, որ ճանապարհային ոստիկանության աշխատանքում շատ բան է փոխվել․ ծառայության իրականացման կարգն է փոխվել, այլեւս ոտքով պարեկություն իրականացնող ոստիկան չենք տեսնի, վարորդական իրավունքների տրման ու տրանսպորտային միջոցների գրանցման ուղղությամբ են բարեփոխումներ կատարվել։ - «Դրանք պարզապես պետք է նկատել», - հավելեց Նորիկ Սարգսյանը։

Your browser doesn’t support HTML5

Նորիկ Սարգսյան․ Ճանապարհային ոստիկանության աշխատանքում շատ բան է փոխվել