Ղարաբաղում Սաֆարովի էքստրադիցիան «քաղաքական պարգեւ» են համարում

ԼՂ կառավարության շենքը

Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ, այժմ Հայաստանում հատուկ նշանակության դեսպան Արկադի Ղուկասյանը կարծում է, որ այս պահին Ադրբեջանի հետ բանակցելն անիմաստ է:

Արկադի Ղուկասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ միջազգային հանրությունն անպայման պետք է արձագանքի Սաֆարովի արտահանձնման դեպքին. - «Իսկ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը պետք է կարողանան ճիշտ օգտագործել պահը, գրավեն միջազգային հանրության ուշադրությունը եւ մաքսիմում արդյունք ստանան», - ավելացրեց Ղուկասյանը:

ԼՂ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանն էլ հայտարարեց, թե ԼՂ Պաշտպանության բանակը դեռ իր պատասխանը տալու է:

«Բանակն ամեն ինչ անելու է, որ այդ տականքը պատիժը կրի», - ասաց Հակոբյանը` հավելելով, որ այս օրերին ՊԲ-ի դիրքերում որոշակի լարվածություն է տիրում:

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն էլ նշեց, որ առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղից արժանի պատասխաններ կլինեն:

«Այն, ինչ տեղի է ունեցել, կարծում եմ, մի խայտառակություն է, որը ոչ միայն մեր գործն է` եւ Հայաստանի, եւ Արցախի, այլեւ երեւի թե միջազգային իրավունքի բոլոր սուբյեկտների: Այստեղ որեւէ բացատրություն չի կարող արդարացում լինել տեղի ունեցածի համար», - ասաց Ղուլյանը:

Լեռնային Ղարաբաղի քաղաքագիտական շրջանակներում կա կարծիք, որ Սաֆարովի արտահանձնումն ու նրան ազատումը հայկական կողմի համար քաղաքական «մեծ պարգեւ էր»: Քաղաքագետ Արտակ Բեգլարյանի կարծիքով, դեպքը շատ լավ առիթ է հետագայում՝ բանակցությունների ընթացքում եւ քարոզչական դաշտում, ազդելու Ադրբեջանի դիրքերի թուլացման վրա:

«Հիմնական խաղաքարտը, որ կարող ենք մենք օգտագործել այս դեպքերից հետո, այն է, որ մեր փաստարկները ավելի ուժեղանում են, երբ մեզ առաջարկեն ցանկացած տարբերակ Ադրբեջանի տարածքում Արցախի գոյատեւման: Մենք կարող ենք թարմագույն օրինակով ցույց տալ, որ դա անհնար է, քանի որ բավականին լուրջ հայատյաց տրամադրություններ կան, եւ միասնական գոյատեւումը գոնե մոտակա 10-15 տարիների ընթացքում անհնար է, քանի որ նույնիսկ այն պարագայում, որ Ադրբեջանի իշխանությունները ներկա պայմաններում արդեն սկսեն փոխել իրենց տրամադրությունները կամ քաղաքականությունը», - ասաց Բեգլարյանը:

Քաղաքագետը նաեւ շեշտեց միջազգային պայմանագրի խախտման հանգամանքը եւ հավելեց. - «Սաֆարովի արտահանձման դեպքը մեզ ցույց տվեց, որ ինչպիսին են լինում միջազգային երաշխիքները, որոնք առաջարկվում են մեզ եւ մադրիդյան սկզբունքներով, եւ նաեւ այլ սկզբունքներով կամ հայտարարություններով: Սրանից մենք պետք է դաս քաղենք, որ մեր անվտանգության միակ եւ անկաշառելի երաշխավորը միայն մենք կարող ենք լինել, ոչ թե միջազգային հանրությունը», - ասաց Բեգլարյանը: