Հայաստան կայցելի Իրաքի փոխվարչապետը

Սեպտեմբերի սկզբին Հայաստան կայցելի Իրաքի փոխվարչապետ Ռոզ Նուրի Շաուեյսը։

Առաջիկա այցին առնչվող հարցեր, ինչպես նաեւ երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող համագործակցության ոլորտներն են քննարկվել օգոստոսի 27-ին փոխվարչապետի հետ Իրաքում Հայաստանի դեսպան Մուրադ Մուրադյանի հանդիպման ժամանակ։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության այսօր տարածած հաղորդագրության համաձայն` Շաուեյսը նշել է, թե ակնկալում է, որ իր այցը նոր լիցք կհաղորդի հայ - իրաքյան քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների զարգացմանը:

Նույն օրը Իրաքի մյուս փոխվարչապետ Սալահ ալ-Մութլաքի հետ Հայաստանի դեսպանի հանդիպման ընթացքում քննարկվել են Իրաքի եւ Հայաստանի փոխհարաբերությունների զարգացման հեռանկարները, մտքեր են փոխանակվել Իրաքի ներքաղաքական իրավիճակի եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Օգոստոսի 29-ին Մուրադ Մուրադյանը հանդիպել է Իրաքի արտաքին գործերի փոխնախարար Լուբեյդ Աբաուիի հետ: Կողմերը քննարկել են Երեւանում Իրաքի դեսպանության բացման եւ երկկողմ իրավապայմանագրային դաշտի ստեղծման հետ կապված խնդիրները:

Աբաուին ասել է, որ ինքն անձամբ հետամուտ կլինի Երեւանում Իրաքի դեսպանության բացման հարցի կապակցությամբ: