«Պահանջում ենք արդարություն դրսում, երբ մեր երկրում կա արդարության ճգնաժամ»

Վահե Ավետյանի հիշատակին մոմավառություն «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ, 7-ը օգոստոսի, 2012թ.

«Վահե Ավետյան» հասարակական շարժման ներկայացուցիչ Գարեգին Չուքասզյանը անցած շաբաթ օրը «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ անցկացված բողոքի ակցիայի ժամանակ զուգահեռներ անցկացրեց Վահե Ավետյանի ու Գուրգեն Մարգարյանի սպանությունների միջեւ:

Չուքասզյանը ասաց, որ թեեւ Ռամիլ Սաֆարովի կողմից իրականացված սպանությունը չի նույնացվում Ավետյանի սպանության հետ, բայց հստակորեն գծագրված զուգահեռներ կան այս երկու հանցագործությունների միջեւ:

«Սաֆարովն ազգային հողի վրա է կատարել այդ սպանությունը, ինչը ֆաշիզմի դրսեւորում է: Իսկ Հունգարիան երկդիմի արդարադատություն իրականացրեց: Սա խորհրդանշական ապտակ էր Հայաստանի Հանրապետությանը», - նշեց Չուքասզյանը` շարունակելով. - «Եվ մենք ականատես եղանք նրա, որ ինչ կարող էր լինել, եթե կացինը իջներ Ադրբեջանի կողմից ամբողջ Հայաստանին, թե այսպես կոչված առաջադեմ մարդկությունը ինչպես իրեն կպահեր: Այսինքն` շատ լավ դաս եղավ, խորհրդանշական ապտակ եղավ մեզ բոլորիս` հասկանալու համար, որ սին հույսեր պետք չի կապել արտաքին ուժերի հետ, արտաքին ուժերն իրենց շահերն ունեն: Մեր արտաքին քաղաքականությունը լուրջ ցնցում ստացավ, եւ մենք պետք է հասկանանք, դասեր քաղենք` այն իմաստով, որ երկիրը, որը կառավարվում է այսքան ոչ կոմպետենտ, քրեաօլիգարխիկ կառավարումով, նա իր կառավարման անարդյունավետությունը պետք է ցուցաբերեր նաեւ արտաքին ասպարեզում»:

Ավետյանի ու Մարգարյանի սպանությունների միջեւ զուգահեռ անցկացնելիս Չուքասզյանը մատնանշեց արդարության բացակայությունը Հայաստանի ներսում: «Պահանջում ենք արդարություն դրսում` այն դեպքում, երբ մեր երկրում կա արդարության ճգնաժամ», - ընդգծեց նա:

«Մենք տեսնում ենք արդարության ճգնաժամ, մենք տեսնում ենք, որ մարդու բնական` կյանքի իրավունքը ոտնահարելուց հետո երկրորդ հանցագործությունն է կատարվում, երբ նախաքննության մարմինը կոծկում է հանցագործությունը, վերացնում է առաջին հանցագործության հետքերը եւ այսպիսով երկրորդ հանցագործությունն է կատարում` եւ այս անգամ արդեն իշխանության ներկայացուցիչների ներգրավմամբ: Եվ բոլոր այն մարդիկ, որ այսուհետեւ այդ շղթային կմասնակցեն` կլինի դա դատախազ, դատավոր եւ ավելի բարձր դեմքեր, մինչեւ երկրի առաջին դեմքը, նրանք նույնպես հանցակից կլինեն, եթե կոծկեն այս առաջին հանցագործությունը», - հայտարարեց «Վահե Ավետյան» հասարակական շարժման ներկայացուցիչը։

Շարժումը աշնանը շարունակելու է բողոքի ակցիաները «Հարսնաքար»-ի առջեւ` այդ կերպ պահանջելով արդարության վերականգնում, ինչպես նաեւ հասարակությանը կոչ անելով չայցելել «Հարսնաքար» ու չօգտվել Ռուբեն Հայրապետյանի ծառայություններից:

Ռազմական բժիշկ վահե Ավետյանը մահացավ երկու ամիս առաջ` իշխող Հանրապետական կուսակցության անդամ, գործարար Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար»-ում անվտանգության աշխատակիցների կողմից դաժանորեն ծեծվելու հետեւանքով:

Բուդապեշտում 2004 թվականին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելով սպանելու համար Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը այս տարվա օգոստոսի 31-ին էքստրադիցիայի ենթարկվեց Ադրբեջան եւ հայրենիք ժամանելուն պես ներման արժանացավ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից։ Այդ փաստը ուժգին վրդովմունք եւ հակազդեցություն հարուցեց Հայաստանում եւ արտերկրի հայ համայնքներում։