Լիբանանի հյուսիսում իրավիճակը սրված է

Այսօր կտրուկ սրվել է իրավիճակն պատերազմական Սիրիայի հարեւան Լիբանանում` հյուսիսային Տրիպոլի քաղաքում։

«Ազատություն» ռադիոկայանին Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը հայտնեց, որ երեկոյան «զգուշավոր լռություն» է հաստատվել, սակայն ավելի վաղ` առավոտյան տեղի ունեցած բախումների հետեւանքով 5 զոհ կա եւ երկու տասնյակից ավելի վիրավոր, այդ թվում եւ զինվորականներ։

Տրիպոլիում իրավիճակի սրումը Շահան Քանդահարյանը կապում է հարեւան Սիրիայում փաստացի պատերազմական իրավիճակով. Տրիպոլիում հարեւան թաղամասերում են ապրում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմնակից եւ հակառակորդ սուննիներն ու ալավիտները։

Լիբանանի հայերը հույս ունեն, որ սիրիական հակամարտությունը չի տեղափոխվի երկարատեւ քաղաքացիական պատերազմ տեսած Լիբանան, սակայն որեւէ զարգացում չեն բացառում։

Լիբանանի խորհրդարանի նախկին պատգամավոր, Հնչակյան կուսակցության անդամ Եղիկ Ջերեջյանը նշում է, որ փոքր բախումներ տեղի են ունեցել նաեւ այլ քաղաքներում։

Հարեւան Սիրիայում կատարվող իրադարձությունների մասին Լիբանանում տեղեկանում են այն սակավ հեռախոսազանգերի միջոցով, որ հնարավոր է լինում կատարել։ Շահան Քանդահարյանն ասում է, թե Հալեպի հետ կապ հաստատելը շատ դժվար է, Դամասկոսի թղթակիցը «միայն երբեմն կարողանում է զանգահարել Հալեպ»։

Այնտեղից ստացված վերջին տվյալներով, կրակահերթեր հնչում են հայկական թաղամասերի մերձակայքում, թե ում վերահսկողության տակ են այդ շրջանները, դժվար է ասել։ Հայկական բնակավայրում կորուստներ, բարեբախտաբար, չկան։

Ինչպես փոխանցեց Եղիկ Ջերեջյանը, մտավախություն կա, որ կառավարական զորքերը կարող են ռմբահարել թաղամասերը, քանի որ նրա խոսքով՝ իշխանությունները օդուժ են կիրառում այն թաղամասերում, որտեղ ներթափանցում են ապստամբները։

Ջերեջյանն ասում է, թե վերջին տվյալներով մոտ 47 հազար սիրիացիներ են ապաստանել Լիբանանում, սակայն սիրիահայերի զանգվածային հոսք դեպի Լիբանան չկա, ժամանակավոր եկել են միայն այն ընտանիքները, որոնք բարեկամներ ունեն։

Նրա խոսքով, սակայն, հայկական համայնքը պատրաստ է տրամադրել հայկական դպրոցների, ակումբների շենքերը` եթե իրավիճակի սրման պատճառով անհրաժեշտություն առաջանա ծածկով ապահովել սիրիահայերին։