Սուրենյան պուրակում կառուցապատումը դադարեցնելու՝ բնակիչների միջնորդությունը բավարարվեց

Your browser doesn’t support HTML5

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր Սուրենյան 1, 2, 3 շենքերի բնակիչների բողոքի քննումն էր ընդդեմ «Մեկ մահակ» ընկերության եւ Երեւանի քաղաքապետարանի, որի տված թույլտվությամբ ընկերությունը կառուցապատում էր Սուրենյան պուրակը։

Դատական նիստին մասնակցող բնակիչներն այսօր բողոքում էին, որ այգին ցանկապատվել է, որոշ ծառեր էլ արմատախիլ են արվել։

Բնակիչների շահերը պաշտպանող փաստաբան Մնացական Ղազարյանն այսօր միջնորդություն էր ներկայացրել, որը դատավոր Ալվարդ Հունանյանը բավարարեց։

«Խնդրել ենք, որպեսզի ծառահատումը դադարեցվի, իսկ դա դադարեցվել է։ Տարածքը նախկին վիճակին բերելու վերաբերյալ պահանջ կա հայցադիմումում, ապօրինի ցանկապատը ապամոնտաժելու եւ շինարարության թույլտվությունը վերացնելու պահանջ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մանրամասնեց փաստաբանը։

Նշանակվեց դատաշինարարատեխնիկական եւ սեյսմիկ համալիր փորձաքննություն, որը կատարելուց եւ արդյունքները ստանալուց հետո միայն պարզ կդառնա, թե ինչ շարունակություն կունենա Սուրենյան պուրակի կառուցապատման դեմ պայքարը։

Հիշեցնենք, որ դատավոր Ալվարդ Հունանյանը հունիսի 29-ի նիստի ժամանակ դադարեցրել էր դատավարությունը եւ գնացել այգի՝ տեղում անձամբ համոզվելու, որ ծառերն արմատախիլ են արվել։ Արդեն դատարանում դատավորը մերժել էր «Մեկ մահակ» կազմակերպության միջնորդությունը, որով պահանջ էր ներկայացվում թույլ տալ շարունակել շինարարությունը կամ քաղաքացիներին պարտադրել փող հավաքել եւ փոխհատուցել կառուցապատողի ծախսերը։

«Ազատություն» ռադիոկայանը փորձեց մեկնաբանություններ ստանալ պատասխանող կողմից, սակայն «Մեկ մահակ» ընկերության փաստաբան Անահիտ Մարտիրոսյանը, պատճառաբանելով, թե հարցազրույց տալը համաձայնեցված չէ իր վստահորդի հետ, հրաժարվեց որեւէ մեկնաբանություն անել։ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանը նույնպես զերծ մնաց մեկնաբանություններից։

Your browser doesn’t support HTML5

Սուրենյան պուրակում կառուցապատումը դադարեցնելու՝ բնակիչների միջնորդությունը բավարարվեց