Գյուղի բնակիչները պայքարում են մաքուր ջուր ունենալու համար

Your browser doesn’t support HTML5

Մասիսի շրջանի Նորաբաց գյուղը, որն ունի 600 տնտեսություն եւ շուրջ 3000 բնակիչ, այսօր պայքարում էր մաքուր խմելու ջուր ունենալու համար:

Այս գյուղի ջրամատակարարումն իրականացնում է «Հայջրմուղ» ընկերությունը, որի ջրի որակը չի բավարարում նորաբացցիներին, եւ նրանք օգտվում են գյուղով անցնող «Երեւան ջուր» ընկերության ջրատարից:

«Երկու ջրատար կա. մեկում կամ ջուր չկա, կամ եթե կա, շատ վատն է, մյուսում կա ջուր մշտական ու որակն էլ շատ նորմալ է: Ի՞նչ կաներ այն մարդը, որը ունի երեխաներ, ծերեր, հիվանդներ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց գյուղապետ Գալուստ Գալստյանը:

Դժգոհության ալիքը պայմանավորված էր նրանով, որ այսօր «Երեւան ջուր» ընկերության ներկայացուցիչները եկել էին գյուղ` դադարեցնելու ջրամատակարարումը:

Նորաբացի բնակիչները, սակայն, ասում են, որ արդեն դիմել են «Երեւան ջուր» ընկերությանը` իրենց բաժանորդ ճանաչելու, եւ մի քանի օր ժամանակ են խնդրում: Իսկ «Երեւան ջուր»-ի ներկայացուցիչը պնդում էր, որ պետք է այսօր իսկ դադարեցնի ջրամատակարարումը:

«Գյուղի բնակիչները ապօրինի միացում են կատարել «Երեւան ջուր» ընկերության կողմից շահագործվող ջրատարին եւ ջուր են օգտագործում ապօրինի: Մենք էլ եկել ենք անջատում կատարելու: Հիմա ժողովուրդը հավաքվել է, չի թողնում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ընկերության ներկայացուցիչ Սուրեն Այխանյանը:

Իսկ գյուղի բնակիչներն ասում են, որ «Հայջրմուղ»-ի ջրի որակը շատ վատն է, վտանգավոր է առողջության համար, եւ պնդում են, որ թույլ չեն տալու դադարեցնել ջրամատակարարումը:

«Մեր տարածքով անցնում է, մենք էլ պիտի այդ ջրից խմենք: Զոռով էլ լինի, ծեծելով լինի, մենք այստեղից չենք գնալու», - ասաց գյուղացիներից մեկը:

Ի վերջո, Նորաբացի բնակիչները ստիպեցին, որ «Երեւան ջուր»-ի ներկայացուցիչներին ու տեխնիկան հեռանան գյուղից:

Գյուղապետի փոխանցմամբ, կողմերը համաձայնության են եկել` սպասել մինչեւ գալիք շաբաթ: Նորաբացցիները մարզպետարանից պահանջել են իրենց ընդգրկել «Երեւան ջուր» ընկերության սպասարկման տարածքում եւ դարձնել այդ ընկերության բաժանորդ:

Your browser doesn’t support HTML5

Նորաբացի բնակիչները պայքարում են մաքուր ջուր ունենալու համար