«Հարսնաքար»-ի տարածքում մոմավառություն-ակցիա տեղի կունենա

Հայաստան -- Մոմավառություն «Հարսնաքար»-ի առջեւ, Երեւան, 30-ը հունիսի, 2012թ․

Այսօր երեկոյան «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում տեղի է ունենալու մոմավառություն հայոց բանակի սպա, զինվորական բժշիկ Վահե Ավետյանի մահվան քառասունքի կապակցությամբ:

Ակցիան նախաձեռնած «Վահե Ավետյան» հասարակական շարժումը պահանջում է պատժել տեղի ունեցած ողբերգության բոլոր մեղավորներին, ինչպես նաեւ հորդորում է «միանալ քրեաօլիգարխիկ համակարգի հանդեպ հանրային անհանդուրժողականության շարժմանը»:

Հիշեցնենք` հանրապետական պատգամավոր, գործարար Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին տեղի ունեցած դաժան ծեծի հետեւանքով երեք զինվորական բժիշկներ հայտնվեցին հիվանդանոցում։ Նրանցից հատկապես ծանր վնասվածքներ ստացած Վահե Ավետյանը միջադեպից 12 օր անց մահացավ։

«Մոմավառությունից հետո Ավանում երթ է տեղի ունենալու։ Ես կարծում եմ, որ այստեղ եւս մենք պետք է մեր միասնականությունը ցույց տանք», - մեզ հետ զրույցում ասաց հասարակական ակտիվիստ, «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը՝ հավելելով, որ ավելի շատ կարեւորում է մոմավառությունից հետո տեղի ունենալիք ակցիան, որովհետեւ դրանով նշանավորվում է՝ «կոնկրետ պայքարի ճանապարհ դուրս գալը»։

Սանասարյանը չբացառեց, որ ինչպես նախորդ ակցիայի ժամանակ` մոտ մեկ ամիս առաջ, այս անգամ եւս մոմավառությանը հաջորդող երթը ուղղություն կվերցնի դեպի Ռուբեն Հայրապետյանի՝ Ավան թաղամասում գտնվող առանձնատուն:

Մեր ունկնդիրներին հիշեցնենք, որ հուլիսի 8-ի ակցիայի ժամանակ «Հարսնաքարի» մուտքի մոտ միջադեպ էր տեղի ունեցել Ռուբեն Հայրապետյանի եւ Հայաստանի հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպան Արման Վեզիրյանի միջեւ: Այսօր Դավիթ Սանասարյանին հարցրեցինք, թե մտավախություն չկա՞, որ եթե ակտիվիստները շարժվեն Հայրապետյանի տան ուղղությամբ` կարող է նմանատիպ մի ինչ-որ միջադեպ տեղի ունենալ։

«Եթե նրանից ելենք, թե նա ինչ կարող է անել՝ խոչընդոտել կամ հարվածել, իրականում որեւիցե բան պետք է չձեռնարկենք։ Անձամբ ինձ չի անհանգստացնում, թե ինքը ինչ գործողությունների կդիմի։ Դա ավելի շատ պետք է անհանգստացնի իրավապահ մարմիններին։ Մենք մեր խաղաղ բողոքի ակցիան ենք անելու», - պատասխանեց Սանասարյանը։

«Հարսնաքարի» գործով քաղաքացիական ակտիվությանն այսօր իր տեսաբլոգում անդրադարձել է նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը` խոսելով ընդհանրապես հայաստանյան քաղաքացիական հասարակության մասին։

«Հենց վերջերս «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով բողոքի մեծ ալիք բարձրացավ, որի մասնակիցները պահանջում էին պատասխանատվության ենթարկել ծեծելու միջոցով զինվորական բժշկին մահվան հասցնելու ողբերգական դեպքի մեղավորներին», - արձանագրում է ԱՄՆ-ի դեսպանը։

Հեֆերնը նաեւ ուշագրավ մի տեղեկություն է հայտնում` USAID-ի վերջին ուսումնասիրություններից մեկի համաձայն, Հայաստանում քաղաքացիական հասարակությունը հզորությամբ երկրորդն է նախկին խորհրդային հանրապետությունների շարքում: