Ցավակցական ուղերձներ Գալյա Նովենցի մահվան առիթով

Գալյա Նովենց

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ցավակցական հեռագիր է հղել Ղազանչյանների ընտանիքին՝ ականավոր դերասանուհի, Հայաստանի ժողովրդական արտիստ Գալյա Նովենցի մահվան կապակցությամբ:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ` հեռագրում, մասնավորապես, ասված է. - «Խոր ցավով տեղեկացա մեր ժամանակների մեծ դերասանուհի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Գալյա Նովենցի մահվան մասին: Ցավալիորեն, սա այն բացառիկ դեպքերից է, երբ կարելի է ասել՝ հայ կինոարվեստն անդառ¬նալի կորուստ կրեց: Գալյա Նովենցի ստեղծած տպավորիչ եւ հուզական կերպար¬ները, նրա խաղացած մեծ ու փոքր դերերը նշանակալի ներդրում են կինոյի պատ¬մության մեջ: Այս հիրավի ծանր պահին միակ մխիթարությունը արվեստի մնայուն լինելու փաստն է, որը հնարավորություն կտա մեզ և ապագա սերունդներին մշտապես առնչվել այն մեծ ու անկրկնելի երևույթին, որը կրում է Գալյա Նովենց անունը»:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրության համաձայն` դերասանուհու մահվան առիթով ցավակցագիր է հղել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը։

«Հանուն Գերագույն հոգեւոր խորհրդի եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության` բերում ենք Մեր խորին ցավակցությունը հանգուցյալի հարազատներին, մերձավորներին, գործընկերներին եւ բոլոր վշտացյալներին: Լուսահոգի Գալյա Նովենցը հայ թատերարվեստի եւ կինոարվեստի մեծագույն երախտավորներից էր, ում տաղանդը միշտ փայլել է վառ եւ տպավորիչ կատարումներով: Նրա դերասանական բարձր վարպետությամբ հիացել են հայեր եւ օտարներ, Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում: Շնորհաշատ դերասանուհին վաստակել է ջերմ սերն ու հարգանքը արվեստասեր հասարակության», - ասված է, մասնավորապես, Վեհափառի ուղերձում:

Դերասանուհու մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել նաեւ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը։

Գալյա Նովենցը վախճանվել է հուլիսի 22-ին` 75 տարեկան հասակում, ծանր հիվանդությունից հետո։