Չարենցավանում բողոքի են ելել առեւտրականները

Մոտ 5 տասնյակ առեւտրականներ անժամկետ նստացույց են սկսել Չարենցավանի կենտրոնական հրապարակում` քաղաքապետարանի առջեւ:
Քաղաքի տարբեր հատվածներում միրգ եւ բանջարեղեն վաճառող մարդիկ տեղի հարկային տեսչությունից զգուշացում են ստացել, որ եթե չանցնեն հարկային դաշտ` ձեռք բերելով հաշվիչ-դրամարկղային մեքենաներ (ՀԴՄ), ապա կտուգանվեն: Զգուշացմամբ տրված եռօրյա ժամկետն ավարտվում է այսօր:

«Եթե ես ՀԴՄ ապարատի 70 հազար գումարն ունենայի, հաստատ չէի աշխատի: Սոցիալական անապահով քաղաք է: Մի գործարան չկա, անգամ նիսյա ուզող չկա մեզանից, որովհետեւ գործարան չկա, ո'չ ավանս ունեն ստանալու, ո'չ ռոճիկ», - ասաց բողոքավորներից մի կին:

Նստացույցի մասնակիցները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում շեշտում էին, որ չեն խուսափում հարկային դաշտում աշխատելուց, պատրաստ են հաստատագրված հարկ վճարել: Սակայն օրական չնչին եկամուտ են ստանում եւ չեն կարող ՀԴՄ կտրոններով աշխատել, քանի որ դա լրացուցիչ հարկեր է առաջացնում:

«Տրամաբանական ինչ-որ մի թիվ ասեն, կտեղավորվենք, կաշխատենք», - ասաց նստացույցի մասնակիցներից մի տղամարդ:

Չարենցավանի տարածքային հարկային տեսչության պետ Արման Զարգարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց միայն, որ տեսչությունն ընդամենը օրենքով սահմանված իր պարտականություններն է կատարում:

«Ազատություն» ռադիոկայանի հարցմանը Պետեկամուտների կոմիտեի լրատվական ծառայությունից խոստացան պատասխանել վաղը:

Your browser doesn’t support HTML5

Չարենցավանում բողոքի են ելել առեւտրականները