ԵՄ-ն չի ճանաչում Ղարաբաղի ընտրությունների «սահմանադրական շրջանակը»

Քեթրին Էշթոն

Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնը նախօրեին հայտարարությամբ է հանդես եկել Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրությունների կապակցությամբ։

«Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում «նախագահական ընտրություններ» են անցկացվելու։ Պետք է վերահաստատեմ, որ Եվրոպական միությունը չի ճանաչում սահմանադրական եւ օրենսդրական շրջանակը, որում դրանք անցկացվելու են», - հայտարարել է, մասնավորապես, Էշթոնը։

Նշելով, թե այդ ընտրությունները չպետք է ազդեն «հակամարտության խաղաղ կարգավորման բանակցվող ընդհանուր շրջանակում Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշման վրա», Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուն հիշեցնում է ԵՄ-ի աջակցությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին «եւ հատկապես դրա համանախագահների շարունակական ջանքերին` ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը»։

«Կոչ եմ անում կողմերին ակտիվացնել իրենց ջանքերը` բանակցությունների միջոցով լուծում գտնելու Մադրիդյան սկզբունքների հիման վրա, որը թույլ կտար առաջ շարժվել` հաղթահարելով ստատուս քվոն», - ասված է հայտարարությունում, որը տարածել է Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը։

Քեթրին Էշթոնը վերահաստատում է այդ ուղղությամբ աջակցություն ցուցաբերելու Եվրամիության պատրաստակամությունը։