«Դորիանսը» շարունակում է համագործակցությունը հայտնի ռոքերների հետ

«Դորիանս» խումբը երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ, արխիվ

Սեպտեմբերի 10-ին Մարզահամերգային համալիրում կկայանա «Դորիանս» ռոք խմբի եւ աշխարհահռչակ երաժիշտներ Դերեք Շերինյանի եւ Գլեն Հյուզի համերգը:
Ռոք երաժշտության սիրահարները այս տարի եւս ուրախանալու առիթ ունեն: Մարզահամերգային համալիրում «Դորիանս» ռոք խմբի եւ աշխարհահռչակ ամերիկահայ ռոք երաժիշտ Dream Theater, Planet X խմբերի ստեղնահար Դերեք Շերինյանի համագործակցությունը սկսվել է «Դորիանսի»` Մոսկվայում ունեցած համերգների ժամանակ: Սեպտեմբերի կայանալիք համերգին լինելու է նաեւ հատուկ հյուր` Deep purple խմբի վոկալիստ Գլեն Հյուզը:

«Դորիանս» խմբի պրոդյուսեր Վահագն Գեւորգյանը նշեց, որ համերգի ժամանակ հնչելու են «Դորիանսի» ստեղծագործությունները: Հանդիսատեսին հայտնի երգերից բացի հնչելու են նաեւ մի քանի նոր երգեր, որոնք տեղ են գտնելու խմբի երկրորդ ձայնասկավառակում: Փոփոխություններ կլինեն նաեւ երգերի երաժշտական մատուցման մեջ:

Համերգի ժամանակ հնչվելիք ձայնի որակին անդրադառնալով` Գեւորգյանը նշեց. - «Մարզահամերգային համալիրը հագեցած է լուջ եւ բավականին լավ տեխնիկայով, խնդիրը միայն այդ տեխնիկան ճիշտ օգտագործելն է: Տեխնիկան ունենալը դեռ չի նշանակում, որ դու ունես լավ ձայն. քեզ դրա համար պետք է լավ հնչյունային օպերատոր, ով այդ տեխնիկայից կստանա լավ ձայն»:

Խմբի պրոդյուսերը ասաց, որ տոմսերը մատչելի են լինելու, քանի որ, ըստ նրա, իրենց նպատակն է լեփ լեցուն դահլիճ ունենալ: Տոմսարկղերում տոմսերը վաճառքում կլինեն այս շաբաթվա վերջում եւ կարժենան 5-10 հազար դրամ:

Գեւորգյանի խոսքով` հյուրերի եւ «Դորիանսի» վարձատրության հարցը լուծում են հովանավորները. - «Եթե արտիստը բեմի վրա է, նա պետք է վարձատրվի, դա իր աշխատանքն է»:

Սեպտեմբերին կայանալիք համերգից հետո խումբը աշխատելու է իր երկրորդ ձայնասկավառակի ձայնագրություններն ավարտին հասցնելու ուղղությամբ: Հնարավոր են նաեւ համերգներ արտերկրում:

«Հրավերի դեպքում կգնանք, կնվագենք, կգանք. որոշ հրավերներ այս պահին քննարկվում են», - տեղեկացրեց Գեւորգյանը:

Your browser doesn’t support HTML5

Դորիանսը շարունակում է համագործակցությունը հայտնի ռեքերների հետ