Երեւանի եւ Մոսկվայի կոնսերվատորիաները կհամագործակցեն

Երեւանի պետական կոնսերվատորայի շենքը

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի եւ Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորները օրերս Երեւանում ստորագրել են համագործակցության հուշագիր:

«Համագործակցության նոր ու առավել հեռանկարային հնարավորություններ են ստեղծվում այսուհետ երկու բուհերի դասախոսների եւ ուսանողների համար», - լրագրողների հետ հանդիպմանը ասաց Մոսկվայի կոնսերվատորիայի ռեկտոր Ալեքսանդր Սոկոլովը` մասնավորապես նշելով, որ Երեւանի կոնսերվատորիայի ուսանողները այլեւս կարող են մասնակցել իրենց մոտ ավանդապես անցկացվող ամենատարբեր մրցույթներին:

«Նրանք [Երեւանի կոնսերվատորիայի դասախոսներն ու ուսանողները] կարող են մասնակցել նաեւ մեր գիտաժողովներին, վարպետության դասերին, տպագրվել մեր բուհի ալմանախում եւ այլն, եւ այլն», - հավելեց Սոկոլովը:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` նա ասաց, որ ունեն 1100 ուսանող, գումարած 200 արտասահմանցի ուսանող եւ 300 դասախոս:

Մոսկվայի կոնսերվատորիայի ռեկտորը զարմացավ` տեղեկանալով, որ Երեւանի պետական կոնսերվատորիայի դասախոսները շատ ցածր են վարձատրվում` պրոֆեսորի աշխատավարձը, օրինակ, 60 հազար դրամ է (շուրջ 150 դոլար): Մոսկվային կոնսերվատորիանում պրոֆեսորները գրեթե 10 անգամ ավելի են ստանում` 40 հազար ռուբլի (1200 դոլար), իսկ դեկանները, ամբիոնների վարիչները, պրոռեկտորները` մի քանի անգամ էլ ավելի` մինչեւ 120 հազար ռուբլի:

Ալեքսանդր Սոկոլովը փոխանցեց, որ այսպիսի աշխատավարձերը հնարավոր են դարձել Ռուսաստանի նախագահի հատուկ դրամաշնորհի միջոցով:

Երեւանի պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը ասաց, որ Հայաստանի նախագահն էլ օգնել է իրենց բուհին. - «Հայաստանի Հանրապետության նախագահը օգնեց, կոնկրետ իր հովանավորությամբ մենք 156 առաջատար պրոֆեսորների միանվագ հազար դոլարի կարգի հավելավճար կարողացանք տրամադրել: Ես կարծում եմ, որ մեզ մոտ էլ այդ բանը կլինի` պետական հոգածությունը»:

Your browser doesn’t support HTML5

Երեւանի եւ Մոսկվայի կոնսերվատորիաները կհամագործակցեն