Հայտնի են Արամ Խաչատրյանի անվան մրցույթի երկրորդ փուլ անցածները

Հունիսի 6-13-ը Երեւանում 8-րդ անգամ անցկացվում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը: Այս տարի այն բաց է «Ջութակ» անվանակարգի համար:
Անի Կարապետյանը հատուկ Արամ Խաչատրյանի անվան մրցույթին մասնակցելու համար եկել է Լոնդոնից, որտեղ նա մագիստրատուրայի վերջին կուրսում է սովորում. հետո մեկնելու է` դիպլոմը ստանալու:

Նա Արամ Խաչատրյանի անվան մրցույթում երկրորդ փուլ անցածների թվում է: Նշում է, որ առաջին փուլում հուզվել է միայն մինչեւ բեմ դուրս գալը:

Անին նշում է, որ իր մրցակիցների շարքում կան երաժիշտներ, ովքեր նույնիսկ մի քանի մրցույթների դափնեկիրներ են: Անին Միացյալ Թագավորությունում կազմակերպված երկու մրցույթների է մասնակցել` զբաղեցնելով առաջին եւ երկրորդ հորիզոնականները:

Արամ Խաչատրյանի 8-րդ միջազգային մրցույթի ընթացքում մրցում էին 28 մասնակիցներ` 15 երկրներից: Երկրորդ փուլ են անցել նրանցից 14-ը:

«Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը նշեց, որ երրորդ` եզրափակիչ փուլ կարող են անցնել միայն հինգ մասնակիցներ: Մասնակիցները այս պահին նախապատրաստվում են երկրորդ փուլի ելույթներին, որը տեղի կունենա կիրակի օրը` Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում:

«Ինչպես բոլոր պրոֆեսիոնալ մրցույթները, սրան էլ կարող են մասնակցել 16-ից 32 տարեկան երաժիշտները: Չկա պարտադիր պայման, որ մասնակիցը պետք է ուսանող լինի եւ այլն», - նշեց Աննա Տեր-Հովակիմյանը եւ հավելեց, որ մրցույթի մասին մասնակիցները տեղեկանում են տարբեր վեբկայքերից եւ մրցույթին մասնակցած իրեց ծանոթ երաժիշտներից:

Մրցույթի մասնակիցների թվում կան դրան երկրորդ անգամ մասնակցող երաժիշտներ:

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմկոմիտեն հաղթողի համար սահմանել է 15 հազար դոլար դրամական պարգեւ: Երկրորդ եւ երրորդ հորիզոնականները զբաղեցրածները կստանանան 10 հազար եւ 5 հազար դոլար: Կլինեն նաեւ դիպլոմներ: Երկրորդ փուլ անցած 14 մասնակիցներից հայերը 4-ն են:

Your browser doesn’t support HTML5

Հայտնի են Ա. Խաչատրյանի անվան մրցույթի 2-րդ փուլ անցածները