Հայ եկեղեցին դատապարտում է Ադրբեջանի գործողությունները

Հունիսի 4-10-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ անցկացվող միաբանական համագումարը հանդես է եկել հայտարարությամբ հայ - ադրբեջանական շփման գծում վերջին օրերին արձանագրված դեպքերի առնչությամբ։

Հայտարարությունում, որի տեքստը տրամադրել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, մասնավորապես, ասված է. - «Խորապես անհանգստացած ենք Հայաստանի Հանրապետության` Ադրբեջանին հարող սահմանագծում ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հրադադարի ռեժիմի պարբերական խախտման դեպքերով, որոնց հետեւանքով վիրավորվում եւ զոհվում են ինչպես Հայոց բանակի զինվորներ, այնպեսեւ խաղաղ բնակիչներ: Վերջին օրերին մենք ականատես եղանք հրադադարի հերթական խախտումների, երբ ադրբեջանական սադրանքի զոհ դարձան Հայաստանի Հանրապետության սահմանի վրա իրենց ծառայությունը բերող անմեղ զինվորներ»:

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր Հովվապետով մշտապես արտահայտել է նվիրվածությունը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ եւ արդարացի կարգավորման գործընթացին», - ընդգծում է միաբանական համագումարը` խստագույնս դատապարտելով «ադրբեջանական կողմի հրահրած սադրիչ գործողությունները` ուղղված տարածաշրջանում փխրուն խաղաղության խաթարմանը»:

«Կոչ ենք ուղղում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ներգրավված միջնորդ երկրներին, միջազգային հանրությանը եւ տարածաշրջանի հոգեւոր առաջնորդներին` ջանքեր գործադրել կասեցնելու Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը», - ասված է հայտարարությունում։

Հայ եկեղեցու միաբանները իրենց սրտակցությունն են հայտնում հայրենիքի սահմանի պաշտպանության ժամանակ զոհված հայ զինվորների ընտանիքներին, աղոթում վիրավոր զինծառայողների շուտափույթ ապաքինման, հայրենի եզերքներում խաղաղ ու անվրդով կյանքի համար։