Ալեքսանդր Գոլց. «Պատերազմի հավանականությունը մեծ չէ»

Վերլուծաբան Ալեքսանդր Գոլցը «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության ստուդիայում, արխիվային լուսանկար

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լայնամաշտաբ պատերազմի հավանականությունը մեծ չէ», - համոզված է մոսկվացի ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Գոլցը:

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում նա նշեց, թե չի կարծում, որ շփման գծում արձանագրվող միջադեպերը ի վերջո կհանգեցնեն ռազմական գործողություններին վերսկսմանը: Պատճառը, ըստ փորձագետի, միջազգային հանրության միասնական դիրքորոշումն է:

«Երկիրը, որը գործը կտանի դեպի ուղղակի ռազմական հակամարտություն, կհակադրվի այն բոլոր պետությունների ջանքերին, որոնք ցանկանում են կարգավորել խնդիրը, եւ, ի վերջո, կհայտնվի միջազգային մեկուսացման մեջ: Նման ռիսկի առկայությունն ի վիճակի է կանխել լայնածավալ ռազմական գործողությունների մեկնարկը», - ասաց Ալեքսանդր Գոլցը:

Իսկ եթե, այնուհանդերձ, լայնածավալ պատերազմը վերսկսվի, մոսկվացի վերլուծաբանը քիչ հավանական է համարում, որ Ռուսաստանի Դաշնությունն ուղղակի աջակցություն ցուցաբերի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ Հայաստանին:

«Նույնիսկ սահմանների համատեղ պաշտպանության մասին 2010-ին կնքված երկկողմ պայմանագիրը հազիվ թե փոխի այդ դրությունը», - համոզված է ռուսաստանցի փորձագետը։

«Եթե խնդիրը դիտարկենք զուտ ձեւական տեսանկյունից, ապա Ռուսաստանը պարտավոր է ռազմական գործողությունների վերսկսման դեպքում աջակցել ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանին: Դրա հետ մեկտեղ, դժվար է պատկերացնել, որ Ռուսաստանը սկսի Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերել` Ադրբեջանի հետ պատերազմի ընթացքում: Բանն այն է, որ Ռուսաստանը Ադրբեջանի հետ բավական խորը եւ բարեկամական հարաբերություններ ունի: Իհարկե, բարդություններ եւս կան, սակայն պետք չէ մոռանալ, որ Ադրբեջանում է գտնվում Գաբալայի ռուսական ռազմակայանը», - նշեց Ալեքսանդր Գոլցը։

«Այնպես որ, իմ կարծիքով, ռուսական դիվանագիտության եւ քաղաքականության գլխավոր նպատակը լինելու է ճնշման բոլոր ձեւերի կիրառմամբ թուլացնել լարվածությունը: Նախեւառաջ, խոսքն այն լարվածության մասին է, որը կարող է ի վերջո հանգեցնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական լուրջ գործողությունների վերսկսման», - ամփոփեց մոսկվացի վերլուծաբանը։