«ԱՄՆ-ը բարձր է գնահատում վրաց ժողովրդի անձնազոհությունը»

Հիլարի Քլինթոնի եւ Միխեիլ Սահակաշվիլիի հանդիպումը Վաշինգտոնում, 1-ը փետրվարի, 2012թ.

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երեքշաբթի օրը Վրաստանում հանդիպում է նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, վարչապետ Նիկա Գիլաուրիին, ինչպես նաեւ ընդդիմության ներկայացուցիչներին։

Քլինթոնը երեկ Երեւանից է մեկնել Բաթումի, որտեղ այսօր կբացի վրաց - ամերիկյան ռազմավարական համագործակցության հանձնաժողովի նիստը։ Հանձնաժողովի օրակարգում Վրաստանի եւ Միացյալ Նահանգների համագործակցության հարցեր են։

Պետքարտուղարի տեղակալ Էրիք Ռուբինը, Պետդեպարտամենտում մարդու իրավունքների հարցերով դեսպան Մայքլ Կոզակը եւ Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասը արդեն Բաթումիում հանդիպել են տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներին։

Ռուբինը լրագրողներին փոխանցել է, որ պետքարտուղարը Վրաստանի ղեկավարների հետ քննարկելու է հիմնականում արտաքին քաղաքականության ասպարեզին վերաբերող հարցեր։

«Պետքարտուղարի այցը վկայում է, որ Միացյալ Նահանգները սատարում է լավ ապագա ապահովելու` Վրաստանի հասարակության երազանքը։ Ապագա, երբ Վրաստանի քաղաքացիները կունենան խաղաղ եւ ազատ կյանք։ Այցը նաեւ ընդգծում է Վրաստանի եւ Ամերիկայի գործընկերության կարեւորությունը։ Ամերիկան երախտապարտ է Վրաստանին Աֆղանստանում միջազգային կոալիցիայում կատարած ներդրումի համար», - ասել է Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Բասը եւ ավելացրել. - «Մենք բարձր ենք գնահատում վրաց ժողովրդի անձնազոհությունը»։

Միացյալ Նահանգները 2009 թվականի հունվարին` Ջորջ Բուշ-կրտսերի նախագահության վերջին շաբաթների շրջանում է Վրաստանը հռչակել «ռազմավարական գործընկեր»։

Պաշտոնական Թբիլիսիին տալով ռազմավարական գործընկերոջ կարգավիճակ` Վաշինգտոնը ցանկացել է իր համերաշխությունը հայտնել 2008 թվականի օգոստոսյան պատերազմը տանուլ տված եւ երկու տարածքից զրկված Վրաստանին։

Չորեքշաբթի օրը պետքարտուղար Քլինթոնը Վրաստանից կմեկնի Ադրբեջան, որտեղ նախատեսված են հանդիպումներ նախագահ Իլհամ Ալիեւի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ, իսկ հաջորդ օրը` հունիսի 7-ին, Հիլարի Քլինթոնը կուղեւորվի Թուրքիա։