Բաքուն «հակաադրբեջանական արշավի» հետեւում հայերին է տեսնում

Տեսարան Բաքվի փողոցներից մեկից, մայիս, 2012թ.

Ադրբեջանցի պատգամավորները նույնիսկ Եվրամիության դեմ պատժամիջոցների կոչ են արել։
«Ադրբեջանի դեմ սկիզբ առած քարոզչական արշավի hետեւում հայամետ ուժերն են», - երեքշաբթի օրը հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի` Միլի մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովը:

Ադրբեջանցի պաշտոնյայի այս հայտարարության պատճառն անցած շաբաթավերջին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձեւն էր, որում Ադրբեջանի իշխանությունները ենթարկվում էին խիստ քննադատության` մարդու իրավունքների խախտումների, լրագրողների ազատազրկումների եւ շարքային բաքվեցիներին սեփական տներից վտարելու համար:

Եթե նախկինում ադրբեջանցի պաշտոնյաները հայերին ծախվելու մեջ էին մեղադրում պաշտոնական Բաքվի հասցեին քննադատական հրապարակումներով հանդես եկող արեւմտյան լրատվամիջոցներին, ապա այժմ հերթը Եվրամիության օրենսդիր մարմնինն է:

Ադրբեջանական կողմը ամենաշատը վրդովվել է եվրոպացի խորհրդարանականների կողմից ընդունված բանաձեւի այն հատվածից, որում առաջարկվում է պատժամիջոցներ սահմանել այն պաշտոնյաների դեմ, ովքեր անձամբ են մեղավոր Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների համար:

«Նման փաստաթղթի ընդունումը, այն էլ` մեր երկրում «Եվրատեսիլ» մրցույթի անցկացման ժամանակ, առանց խնդիրը խորությամբ ուսումնասիրելու եւ սակավաթիվ պատգամավորների ներկայությամբ, այս ամենը լուրջ հարված է Եվրոպական խորհրդարանի չեզոքությանն ու վարկին», - հայտարարել է Ասադովը` հերթական անգամ պնդելով, թե Եվրոպայում ծավալված «հակաադրբեջանական արշավի» կազմակերպիչը հայերն են:

«Մեր երկրի ղեկավարությունն ամեն ինչ արեց, որպեսզի «Եվրատեսիլ»-ի օրերին տոնական մթնոլորտ ստեղծի: Դրան ի պատասխան` հայերի կողմից վարձատրվող ուժերը արեւմտյան լրատվամիջոցներում կողմնակալ ու մտացածին նյութեր սկսեցին տպագրել», - ասել է Ասադովը:

Ադրբեջանցի պատգամավորները պաշտպանել են իրենց խոսնակին:

«Ադրբեջանի բարեկեցությունն ու ծաղկումը առաջ են բերում հայկական լոբբիին մոտ կանգնած ուժերի նախանձը», - հայտարարել է պատգամավորներից մեկը:

Ըստ «Թուրան» գործակալության` Միլի մեջլիսի անդամներից ոմանք էլ ավելի հեռուն են գնացել` առաջարկելով պատժամիջոցներ կիրառել Եվրամիության դեմ:

«Հարկավոր է շուտափույթ կերպով վերանայել Եվրոպան նավթի եւ գազի այլընտրանքային աղբյուրներով ապահովելու Ադրբեջանի քաղաքականությունը», - հայտարարել են ադրբեջանցի պատգամավորները։

«Պետք չէ կենտրոնանալ Եվրոպայի վրա: Մենք բարեկամներ ունենք աշխարհի այլ հատվածներում եւս», - ասել են նրանք: