Աշակերտները պահանջում են չփակել իրենց դպրոցը

Your browser doesn’t support HTML5

Ապարանցի դպրոցականները պայքարում են կառավարության որոշման դեմ

Ապարանի ֆիզմաթ թեքումով դպրոցի աշակերտները, նրանց ծնողները այսօր բողոքի ցույցի են եկել Երեւան` նախագահի նստավայրի մոտ:

Նրանք պահանջում են չփակել իրենց դպրոցը, որը, ըստ Կառավարության որոշման պետք է միավորվի Ապարանի ավագ դպրոցի հետ:

«Հիմնավոր պատճառներ ունե՞ն: Ո՞ւր ուղարկենք մեր երեխեքին: Միակ դպրոցն է, որ երեխան ինչ-որ նպատակի կհասնի: Մենք ուզում ենք մեր բողոքի ձայնը հասցնել պարոն նախագահին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ցուցարարներից մի ծնող:

Աշակերտների ու նրանց ծնողների համոզմամբ, եթե Ապարանում գործի միայն մեկ ավագ դպրոց, այն չի կարողանա ապահովել բարձրորակ ֆիզմաթ թեքումով կրթություն:

«Այլընտրանք չենք ունենում: Մրցակցությունը վերանում է եւ լճացում կլինի: Դրանով խախտվում է որակյալ կրթություն ստանալու մեր իրավունքը: Դրա համար էլ եկել ենք նախագահի աջակցությունը ստանանք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց մեկ այլ ցուցարար:

Դպրոցը, ինչպես պատմեցին դրա շրջանավարտները, 23 տարի առաջ հիմնադրվել է աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի ջանքերով, եւ մշտապես ապահովել է բարձրորակ կրթություն, իսկ շրջանավարտները հեշտությամբ ընդունվել են բուհեր:

Ցուցարարները պատմեցին, որ ի պաշտպանություն դպրոցի ստորագրահավաք են կազմակերպել, եւ շուրջ 8 հազար ստորագրություններով դիմումը ներկայացվել է նախագահին ու վարչապետին, եւ երկու դեպքում էլ այդ ուղարկվել է Կրթության եւ գիտության նախարարին: Իսկ վերջինս հայտարարել է, որ դպրոցները միավորելու մասին որոշումը բեկանման ենթակա չէ:

Ավելի ուշ ցուցարարների ներկայացուցիչներին ընդունեցին Նախագահի վերահսկողության ծառայությունում` խոստանալով դիմումը վերահասցեագրել Կրթության եւ գիտության նախարարություն:

Ցուցարարներին այդպես էլ չհաջողվեց պարզել, թե արդյո՞ք նախագահ Սերժ Սարգսյանը տեղյակ է իրենց խնդրին:

Your browser doesn’t support HTML5

Աշակերտները պահանջում են չփակել իրենց դպրոցը