«Վրացական երազանք»-ը իր քարոզարշավը կսկսի արդեն այս ամիս

Բիձինա Իվանիշվիլին Թբիլիսիում կայացած ասուլիսի ժամանակ, ապրիլ, 2012թ.

Վրաց միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի կողմնակիցներին միավորող «Վրացական երազանք» դաշինքի քարոզարշավը կմեկնարկի մայիսի վերջին: Դա պարզ դարձավ երեքշաբթի օրը Իվանիշվիլիի տարածած տեսաուղերձից, որում Վրաստանի ամենահարուստ գործարարը, կանգնած Թբիլիսիի Ազատության հրապարակում, դիմում է իր աջակիցներին:

«Ես Բիձինա Իվանիշվիլին եմ`«Վրացական երազանք» դաշինքի հիմնադիրը։ Սպասում եմ ձեզ մայիսի 27-ին այստեղ` Ազատության հրապարակում: Հենց այստեղից ենք մենք սկսելու Վրաստանի միավորման գործընթացը` իրականություն դարձնելով Վրացական երազանքը», - հայտարարեց Իվանիշվիլին:

Սոցիոլոգների գնահատմամբ` «Վրացական երազանք» դաշինքը հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին լինելու է նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հիմնական մրցակիցներից մեկը: Այսօր, սակայն, կուսակցության վարկանիշն այնքան էլ բարձր չէ: Ամերիկյան Ազգային ժողովրդավարական ինստիտուտի` NDI-ի պատվերով մոտ մեկ ամիս առաջ անցկացված հարցման արդյունքների համաձայն` Իվանիշվիլիի հիմնադրած դաշինքի օգտին պատրաստ է քվեարկել վրաց ընտրողների մոտ 10 տոկոսը միայն: Իշխող կուսակցության վարկանիշը մոտ հնգապատիկ ավելի բարձր է` շուրջ 47 տոկոս:

«Վրացական երազանք»-ի վարկանիշը, սակայն, առաջիկայում կարող է զգալի աճ արձանագրել, նախեւառաջ այն բանից հետո, երբ ուժի մեջ մտնեն սահմանադրական փոփոխությունները: Դրանց համաձայն` Վրաստանի տարածքում 10 տարուց ավելի բնակվող Եվրամիության պետությունների քաղաքացիները հնարավորություն կստանան մասնակցել ընտրություններին եւ առաջադրվել որպես թեկնածու` բայց միայն խորհրդարանական ընտրություններում:

Ուշագրավ է, որ Սահակաշվիլիի կողմնակիցները չեն թաքցնում, որ երկրի Հիմնական օրենքում փոփոխություններն իրականացվում են հենց Իվանիշվիլիի շուրջ իրավիճակը հանգուցալուծելու նպատակով:

«Այս քայլով մենք մեկընդմիշտ վերջ կտանք այն շահարկումներին, թե ինչ-որ մեկին Վրաստանում արգելում են ընտրություններին մասնակցել կամ քաղաքական գործունեությամբ զբաղվել», - հայտարարել է իշխող կուսակցության ներկայացուցիչ պատգամավոր Պավլե Կուբլաշվիլին:

Այնուհանդերձ, 2013 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորություն Իվանիշվիլին հազիվ թե ստանա: Իշխող կուսակցությունը մտադիր չէ Սահմանադրությունից հեռացնել այն դրույթը, որի համաձայն` այլ երկրի քաղաքացիները կամ երկքաղաքացիություն ունեցող անձինք չեն կարող զբաղեցնել Վրաստանի նախագահի, վարչապետի եւ խորհրդարանի խոսնակի պաշտոնները: