Այսօր Հաղթանակի եւ խաղաղության տոնն է

Զորահանդես Երեւանում, արխիվային լուսանկար

Հայաստանը այսօր նշում է Հաղթանակի եւ խաղաղության տոնը։

Տոնի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Երկրորդ աշխարհամարտի հաղթական ավարտը մեր ժողովրդի առջեւ զարգացման նոր դռներ բացեց: Դա պատմական հնարավորություն էր, որի շնորհիվ մեր հանրապետությունն ու ժողովուրդը հետագա տարիներին ու տասնամյակներին արձանագրեցին լուրջ ձեռքբերումներ գրեթե բոլոր ասպարեզներում: Մեր ողջ ժողովուրդն այդ հաղթանակում իր նպաստը բերեց մեծագույն զոհողությունների գնով»:

«1992 թվականի մայիսի 9-ին իրենց հերոս պապերի ու հայրերի սխրանքը կրկնեցին մերօրյա ազատամարտիկները` բազմապատկելով հայոց զենքի փառքն ու պատիվը: Շուշիի ազատագրմամբ վերստին նոր դռներ բացվեցին մեր ժողովրդի խաղաղ աշխատանքի, արարման ու շենացման համար: Այս հաղթանակը նույնպես մեր ողջ ժողովուրդը նվաճեց մեծագույն զոհողությունների գնով», - գրում է Սերժ Սարգսյանը իր ուղերձում, որը տարածել է նախագահի մամլո գրասենյակը։

«Հայաստանը, հավերժ հայկական Արցախը եւ ողջ հայությունը լի են վճռականությամբ՝ պաշտպանելու իրենց խաղաղությունն ու առաջընթացը», - ասված է նախագահի ուղերձում։

«Համայն հայության հոգեւոր օրրան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում Ձեզ Մայիսի 9-ի` Հաղթանակի ու Խաղաղության օրվա բերկրալի առիթով», - ասված է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի շնորհավորական ուղերձում, որը տարածել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

«Այսօր նշվում է ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի օրը, որ տոն է խաղաղության, չարիքի ու ատելության դեմ բարու եւ եղբայրսիրության հաղթանակի: Այս տոնը կրկնակի ուրախությամբ է լցնում սիրտը յուրաքանչյուր հայորդու, քանզի քսան տարիներ առաջ այս օրը` մայիսի 9-ին, ազատագրվեց հայրենի մեր Արցախ աշխարհի սիրտն հանդիսացող Շուշին: Շուշիի ազատագրումը դարձավ Արցախաբնակ մեր հայորդիների ազատության եւ ինքնորոշման աստվածադիր իրավունքի պաշտպանության հաղթական պայքարի առանցքային հանգրվաններից մեկը` ոսկե տառերով գրվելով ազգային մեր արդի պատմության տարեգրության մեջ», - իր ուղերձում գրում է Վեհափառ հայրապետը։

«Հոբելյանական այս օրը խոնարհումով ենք հիշում Մեծ Հայրենականի եւ Արցախյան հերոսամարտի տարիներին անձնուրացորեն սեփական կյանքը Հայրենիքին զոհաբերած մեր քաջազուն զավակներին», - ասված է Գարեգին երկրորդի ուղերձում։

Ամենայն Հայոց կաթողիկոսը մաղթում է, որ «մարդկային միտքը, տաղանդն ու կարողությունները ծառայեն միայն բարի նպատակների ու հանուր մարդկության բարօր կյանքի ու առաջընթացի համար նպաստող ձեռնարկներին»։