Նախագահը տվեց «ամենակարեւոր խոստումը»

Իշխող կուսակցության առաջնորդն ու երկրի նախագահը Աջափնյակ համայնքում ասաց, թե ուրախ է, որ քաղաքական բոլոր ուժերը լիարժեք հնարավորություն ունեցան իրենց ծրագրերն ու ծառայություններն առաջարկել ընտրողներին:

«Նաեւ շնորհակալ եմ թե' ընտրողներին, թե' ընտրվողներին այն խաղաղ ու հանգիստ պայմանների համար, որ այս ընթացքում տիրում էին մեր երկրում: Մենք վաղուց ընտրության չէինք գնացել առանց ավելորդ լարվածության: Գոհ եմ, որ մենք վերջապես հիմք ենք դնում ընտրարշավի եւ քաղաքական մրցակցության նոր ավանդույթներին», - հայտարարեց երկրի նախագահը:

Նա դիմեց աջափնյակցիներին` խնդրելով մայիսի 6-ին ակտիվորեն մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին: Նա նշեց, թե դրանցից շատ բան է կախված, այդ ընտրությունների արդյունքից է կախված, թե «ինչ ուղեգծով է զարգանալու երկիրը եւ որ քաղաքական ուժն է ձեւավորելու կառավարություն»:

«Չափազանց անհրաժեշտ է, որ այս ընտրությունները անցնեն ազատ, արդար: Չափազանց կարեւոր է, որ այս ընտրությունների արդյունքները հավատ ներշնչեն ինչպես մեր քաղաքացիներին, այնպես էլ մեր գործընկերներին: Մենք ունենք պատմական հնարավորություն մեծ ցատկ կատարելու: Բայց ամենակարեւորը նա է, որ այս ընտրությունները թշնամանք չավելացնեն: Ամենակարեւորը նա է, որ այս ընտրություններից մեր հասարակությունը, մեր հանրությունը դուրս գա ավելի միավորված: Ես հավատում եմ, որ դա անելու եք դուք», - հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Իշխող քաղաքական ուժի առաջնորդն ասաց, թե քարոզարշավի ընթացքում իրենք «ամպագոռգոռ» խոստումներ չեն տվել, եւ ինքը ունի շատ պարզ սկզբունք` շատ գործ եւ քիչ աղմուկ:

Սերժ Սարգսյանն ասաց, թե ինքը տալիս է իր թերեւս ամենակարեւոր խոստումը. - «Մեր երկիրը կարոտ է լուռ աշխատանքի: Լուռ չի նշանակում հլու-հնազանդ կամ անլեզու ստրուկ: Լուռ նշանակում է կենտրոնացած աշխատանք, խորասուզված աշխատանք, աշխատանք արդյունքի համար եւ ոչ թե գովազդի: Մենք ձեզ խոստանում ենք աշխատել, աշխատել կենտրոնացած եւ շատ: Ես հասկանում եմ, որ նման խոստումը ամենեւին էլ ռոմանտիկ չէ եւ ոչ էլ սենսացիոն է: Բայց ներքուստ ես համոզված եմ, որ սա իմ ամենակարեւոր խոստումն է: Աղմուկը ուշ թե շուտ ցրվում է, մնում է գործը»:

Նշենք, որ առաջին անգամ ողջ քարոզարշավի ժամանակ Սերժ Սարգսյանին ուղեկցում էր ՀՀԿ-ի փոխնախագահ Գալուստ Սահակյանը, նաեւ` Մալաթիա-Սեբաստիա համայնքում պատգամավորության թեկնածու Սամվել Ալեքսանյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Աջափնյակում պատգամավորության թեկնածու Ռուբեն Հովսեփյանը` գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրը:

Your browser doesn’t support HTML5

Նախագահը տվեց «ամենակարեւոր խոստումը»