Վեհափառը ընդունել է Ռումինիայի մշակույթի եւ ազգային ժառանգության նախարարին

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը ընդունել է Ռումինիայի մշակույթի եւ ազգային ժառանգության նախարար Հունոր Կելեմենին:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ` Վեհափառը արձանագրել է, որ երկու ժողովուրդների միջեւ ձեւավորված դարավոր բարեկամությունը շարունակում է ամրապնդվել շնորհիվ երկու պետությունների արդյունավետ գործակցության: Նա ընդգծել է, որ ռումինահայ համայնքը այսօր կարողանում է ազատորեն կազմակերպել իր ազգային-հոգեւոր կյանքը, համայնքի ներկայացուցիչները ներգրավված են երկրի կյանքի բոլոր ոլորտներում։ Գարեգին երկրորդը շնորհակալություն է հայտնել Ռումինիայի իշխանություններին ռումինահայ համայնքի, ինչպես նաեւ Ռումինիայի հոգեւոր ժառանգության մաս կազմող հայկական սրբավայրերի հանդեպ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար:

Վեհափառը նաեւ տեղեկացրել է նախարարին առաջիկա օգոստոսին Ռումինիա կատարելիք հովվապետական իր այցի մասին` Սուչավայի Հաճկատար Սուրբ Աստվածածին վանքի 500-ամյակի տոնախմբման եւ վերաօծման արարողության առիթով: