Իսլամաբադի մոտ ավիաաղետից զոհվել են օդանավի բոլոր 127 ուղեւորները

Պակիստանի առողջապահության եւ ավիացիայի ոլորտների պաշտոնյաները այսօր հայտարարել են, որ ուրբաթ երեկոյան մայրաքաղաք Իսլամաբադի մոտ աղետի ենթարկված «Բհոջա» ավիաընկերության «Բոինգ-737» օդանավի բոլոր 127 ուղեւորները զոհվել են։

«Այս աղետից որեւէ մեկի փրկվելու հնարավորություն չկար», - հայտարարել է երկրի քաղավիացիայի պաշտոնյա Ջունաիդ Խանը։

Պակիստանի ներքին գործերի նախարար Ռեհման Մալիքը հայտնել է, որ «Բհոջա» ավիաընկերության սեփականատեր Ֆարուք Բհոջայի անունը ընդգրկվել է այն անձանց ցանկում, ում չի թույլատրվում լքել երկիրը։

«Բոինգ-737»-ը թռչում էր հարավային Կարաչի քաղաքից Իսլամաբադ, երբ վատ եղանակային պայմաններում կորցրել է բարձրությունը Բենազիր Բհուտոյի անվան միջազգային օդանավակայանից մի քանի կիլոմետր հեռու։

Ավիաաղետի պատճառները դեռեւս պարզված չեն։