Նռանյան․ «Պարզապես «Ժառանգությունը» փորձում է իրեն դրսեւորել որպես ինքնուրույն ֆիգուր»

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանի խոսքերով, որեւէ հիմք չկա պնդելու, թե Դաշնակցության, Հայ ազգային կոնգրեսի ու «Բարգավաճ Հայաստանի» մասնակցությամբ գործող ընտրությունների վերահսկողության միասնական շտաբը վերածվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի:

Արա Նռանյանն այդպես արձագանքեց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստոյպա Սաֆարյանի այսօրվա հայտարարությանը, ըստ որի «միասնական շտաբը ավելի շուտ հիշեցնում է Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբ»:

«Նույն ՀԱԿ-ի պարագայում՝ ես չեմ կարծում, որ ՀԱԿ-ը այսօր քայլեր է անում ի օգուտ երկրորդ նախագահի։ Բոլոր լուրջ վերլուծաբանները արդեն հասկանում են, որ Հայաստանին նոր իրավիճակ է պետք, նոր զարգացում է պետք», - հայտարարեց Նռանյանը՝ «Ազատություն TV»-ի ուղիղ եթերում պատասխանելով Ֆեյսբուք սոցցանցի օգտագործողների հարցերին: Նռանյանը հավելեց՝ «ես կարծում եմ, որ «Ժառանգությունը» պարզապես փորձում է իրեն դրսեւորել որպես ինքնուրույն, առանձին ֆիգուր, եւ ինչ-որ ձեւ պետք է հիմնավորի, թե ինչո՞ւ այլ մարդկանց հետ ինքը չի ուզում ընկերություն անել»։

Ըստ Նռանյանի, նայելով «Ժառանգություն» կուսակցություն այսօրվա ընտրացուցակին, ինքը չի կարող ասել, որ դա նույն այն կուսակցությունն է, որի հետ ՀՅԴ-ն 5 տարի աշխատել է խորհրդարանում։ Բանախոսի հավաստմամբ, այսօրվա իրական ընդդիմությունը Դաշնակցությունն է:

«Այսօրվա ընդդիմությունը մեր կուսակցությունն է, որովհետեւ մենք ենք տանում համակարգային փոփոխությունների եւ մենք չենք ասում, որ՝ գիտեք, եթե միայն վարչապետին փոխեն այսինչ խնդիրը կլուծվի։ Մենք տնտեսական քաղաքականության մեջ լրիվ արմատական փոփոխությունների ենք առաջարկում գնալ։ Արտաքին քաղաքականության մեջ մեր մոտեցումները կտրականապես տարբերվում են ներկայիս իշխանության մոտեցումներից։ Ցույց տվեք ուժեր, որոնք սոցիալ տնտեսական եւ արտաքին քաղաքականության մասով ավելի արմատական են ընդդիմադիր իշխանությանը, քան մենք։ Նման ուժեր, որպես այդպիսին, գոյություն չունեն», - հայտարարեց դաշնակցական պատգամավորը։

Կարծիք հայտնելով ընտրություններին մասնակացող այլ քաղաքական ուժերի ծրագրերի մասին` Արա Նռանյանը նշեց, թե իշխող Հանրապետական կուսակցությունը այդպես էլ չկատարեց նախորդ ընտրությունների ժամանակ իր կողմից տրված խոստումները․ - «Հանրապետական կուսակցությունը, որը բավական մեծ ռեսուրս ունի՝ նախեւառաջ վարչական, բոլորիցս պետք է ավելի լավ տիրապետեր իրավիճակին, պետք է կոնկրետ լուծումներ ասեր, հստակ թիրախային ցուցանիշներ։ Դա չտեսանք, եւ դա, ես կարծում եմ, որոշ չափով պայմանավորված է նախորդ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների ժամանակ իրենց կողմից տրված խոստումների ձախողմամբ։ Ըստ էության, իրենք չկատարեցին, եւ այս անգամ խուսափում են ավելի հստակ եւ կոնկրետ ծրագիր ներկայացնելիս»։

Դաշնակցական պատգամավորը միեւնույն ժամանակ հավելեց․ - «Մեծ ակնկալիքներ ունեինք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ծրագրի վերաբերյալ, որովհետեւ բավական լավ գովազդվում էր, բայց մեր սպասելիքները շատ ավելի մեծ էին, քան մենք ականատես եղանք»։

Պատասխանելով Ֆեսյբուքի օգտատերերից մեկի հարցին էլ Նռանյանը հայտարարեց, որ եթե 2008թ.-ին «Օրինաց երկիր» կուսակցությունը չանցներ իշխանությունների կողմը «մարտի 1» չէր լինի․ - «Իշխանությունները մեղադրում են, որ մենք չկանգնեցինք իրենց կողմ, ընդդիմության կողմնակիցները՝ իրենց կողմ։ Մենք հասկանում էինք, որ ցանկացած մեկի կողմ կանգնելը բերելու է արյունահեղության։ Եվ դա տեսանք մենք ՕԵԿ-ի դեպքում։ Երբ կշիռը գնաց մի կողմ, ըստ էության ապահովվեց ընտրությունների լեգիտիմությունը, իշխանությունը կարողացավ գնալ այդ քայլին»:

Your browser doesn’t support HTML5

«Ժառանգությունը» փորձում է իրեն դրսեւորել որպես ինքնուրույն ֆիգուր»