Աշոտյանի հրամանով դադարեցվել են Զոլյանի լիազորությունները

Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել` «Երեւանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առեւտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար` ռեկտոր Սուրեն Զոլյանի լիազորությունները դադարեցնելու եւ 2008 թվականի մարտի 17-ին կնքված թիվ 134 աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին:

Ըստ նախարարության պաշտոնական հաղորդագրության, սրա համար հիմք են ծառայել կրթության եւ գիտության նախարարի 2012 թվականի ապրիլի 6-ի եւ ապրիլի 17-ի հրամանները, որոնցով Զոլյանը երկու անգամ «խիստ նկատողություն» էր ստացել:

Հիշեցնենք, այսպես ասած Աշոտյան-Զոլյան հակամարտությունը ծագեց այն բանից հետո, երբ ռեկտորը նախարարի կողմից խիստ նկատողության եւ կարգապահական տույժի ենթարկվեց` առանց նախարարության թույլտվության Հայաստանից բացակայելու համար: