Պինգվինի գրոհը... ԱՄՆ-ի նախագահի հավանական թեկնածուի վրա

Միսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքի «Ֆորեսթ Փարք» կենդանաբանական այգու պինգվիններից մեկն անսպասելիորեն հարձակվել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ, նախագահության թեկնածու առաջադրված հանրապետական Նյութ Գինգրիչի վրա։

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` 68-ամյա Գինգրիչը նախընտրական արշավի շրջանակներում է այցելել Սենթ Լուիս։ Ցանկացած քաղաք ժամանելով` կենդանիների մեծ սիրահար Գինգրիչն անպայման փորձում է տեսնել տեղի կենդանաբանական այգին։

«Պինգվինը կծել է պարոն Գինգրիչի մատը, մենք վերքը մշակել ենք եւ վիրակապ ենք դրել», - ասել է «Ֆորեսթ Փարք» կենդանաբանական այգու խոսնակ Սյուզան Գալահերը։

Լրատվական գործակալությունները հայտնում են, որ վերքը վտանգավոր չէ, պինգվինի հարձակման արդյունքում քաղաքական գործչի նախընտրական արշավի ժամանակացույցը չի խախտվել։