Ռուբեն Հայրապետյանը հրաժարվեց բանավիճել Նիկոլ Փաշինյանի հետ

Թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Ռուբեն Հայրապետյան

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Ռուբեն Հայրապետյանը երեկ ուշ երեկոյան «Արմնյուզ» հեռուստաընկերության ուղիղ եթերում հրաժարվեց բանավիճել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, թիվ 7 ընտրատարածքում առաջադրված Նիկոլ Փաշինյանի հետ, մինչ վերջինս հեռուստաընկերության հսկիչ անցակետում սպասում էր բանավիճելու համաձայնության:

Նիկոլ Փաշինյանը հեռուստաընկերության հսկիչ անցակետի աշխատակիցներին էր խնդրում «Արմնյուզի» ղեկավարությունից ճշտել՝ ի վերջո, հնարավոր չէ՞ մտնել հեռուստաընկերության շենք։

Թիվ 7 ընտրատարածքում առաջադրված Նիկոլ Փաշինյան

«Արմնյուզի» աշխատակիցները Փաշինյանին առաջարկում էին, որ նա անցակետում տեղադրված հեռուստաէկրանից լսի՝ Հայրապետյանն ինչ կարծիքի է բանավեճի հարցում: Փաշինյանը, սակայն, հրաժարվեց: Ընդդիմադիր թեկնածուն ասաց, որ որպես հեռուստադիտող չի գնացել «Արմնյուզ», այլ գնացել է՝ բանավիճելու Ռուբեն Հայրապետյանի հետ։

Ռուբեն Հայրապետյանը բանավեճին մասնակցելուց հրաժարվեց հետեւյալ պատճառաբանությամբ․ - «Ես չեմ ցանկանում Նիկոլի հետ բանավիճել։ Այն Նիկոլի, որի մասին կարծեմ մեկ-երկու օր առաջ միջազգային որոշ լրատվամիջոցներ գրել էին, որ կեղծ ընդդիմություն է»։

Նիկոլ Փաշինյանը հակադարձեց․ - «Փաստորեն Ռուբեն Հայրապետյանը նույնիսկ հումորի զգացում ունի։ Ռուբեն Հայրապետյանը եւ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, օբյեկտիվ գնահատելով տվյալ բանավեճում իրենց հնարավորությունները, ուղղակի փախչում են ջախջախիչ պարտությունից ուղիղ եթերում»։