ՀՀ ԱՆ. 696 մահացած անձանց տվյալներ հայտնվել են ընտրացուցակներում

Հայաստանի արդարադատության նախարարի հանձնարարությամբ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Երեւանի հատուկ սպասարկման տարածքային բաժնում կատարած ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է, որ 2003-ից մինչեւ 2010 թվականի ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում 696 մահացած անձանց անձնագրերը (դրանց բացակայության դեպքում տրվող տեղեկանքները) չեն ուղարկվել ՀՀ ոստիկանության անձնագրային ստորաբաժանումներին` ինչից ելնելով էլ նրանց վերաբերյալ տվյալները դուրս չեն բերվել բնակչության պետական ռեգիստրից եւ հայտնվել են ընտրացուցակներում:

Նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ 696 մահացած անձանց վերաբերյալ տեղեկություններն ուղարկվել են ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար:

«Հայտնաբերված խախտումների կապակցությամբ արդարադատության նախարարի հրամանով ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչությանը հանձնարարվել է ստուգում իրականացնել քաղաքացիական կացության ակտերի գրանցման Երեւանի հատուկ սպասարկման տարածքային բաժնում», - ասված է հաղորդագրությունում