ԵՄ-ն ողջունում է Բելառուսում երկու ընդդիմադիրների ազատ արձակումը

Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոն

Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը ողջունել է Բելառուսում երկու ընդդիմադիր գործիչների ազատ արձակումը։

Շաբաթ օրը Բելառուսում ազատ է արձակվել նախագահի նախկին թեկնածու Անդրեյ Սաննիկովը, իսկ կիրակի օրը՝ նրա վստահված անձ եւ «Եվրոպական Բելառուս»

Անդրեյ Սաննիկովը դուրս է գալիս բանտից, Մինսկ, 15-ը ապրիլի, 2012թ.

ընդդիմադիր շարժման համակարգող Դմիտրի Բոնդարենկոն։

Սաննիկովը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման` 2010 թվականի նախագահական ընտրություններից հետո զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով, իսկ Բոնդարենկոն` 2 տարվա ազատազրկման, նույն մեղադրանքով։

Երկուսն էլ դիմել էին երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին` իրենց ներում շնորհելու խնդրանքով։ Ընդդիմադիրների հարազատներն ասում են, որ ներման խնդրագրերը իշխանությունները ստացել են ճնշումների եւ բռնության միջոցով։

Էշթոնը կրկին ձեւակերպել է Եվրամիության պահանջը Բելառուսի իշխանություններին` առանց պայմանների ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին եւ նրանց թույլատրել լիարժեք իրացնել իրենց քաղաքացիական եւ քաղաքական իրավունքները։ Եվրամիության եւ Բելառուսի հարաբերությունների բարելավման գործընթացում այդ քայլը կնպաստի առաջընթացին, հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուն։

Բոնդարենկոն, ով ազատազրկվել էր 2011 թվականին, առողջական լուրջ խնդիրներ ունի, նա ողնաշարի վիրահատություն է տարել։ Երեկ՝ ուղղափառ եկեղեցու

Դմիտրի Բոնդարենկոն բանտից դուրս գալուց հետո պատասխանում է լրագրողների հարցերին, Մինսկ, 15-ը ապրիլի, 2012թ.

տոնացույցով Սուրբ Զատիկի օրը ազատ արձակվելով` ընդդիմադիր գործիչը հայտարարել է. - «Ինչպես ասում են` ամեն ինչ Աստծո ձեռքերում է, եւ սա լավ նշան է Բելառուսի համար, սա այնքան մեծ տոն է, որ պետք է բոլոր բանտարկյալները ազատ արձակվեն»։

Անդրեյ Սաննիկովն ասում է՝ իշխանությունները Մինսկում շատ ուշադիր հետեւելու են, թե ինչպես է միջազգային հանրությունը արձագանքում այս քայլին։ «Իմ կարծիքով, մենք ականատես ենք խաղի։ Այժմ իշխանությունները կհետեւեն, թե ինչ միջազգային արձագանք կլինի, ես կարծում եմ` նրանք բաց կթողնեն գրեթե բոլոր քաղբանտարկյալներին մոտ ապագայում։ Սակայն պետք է կրկին շեշտել, որ քանի դեռ նրանք բաց չեն թողել բոլոր քաղբանտարկյալներին, ոչ մի քայլ ընդառաջ չպետք է արվի Բելառուսի իշխանություններին», - հայտարարել է նա։

Եվրոպան պահանջում է ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին եւ աստիճանաբար ավելացնում է պատժամիջոցները Բելառուսի նկատմամբ՝ մեծանում է այն պաշտոնյաների սեւ ցուցակը, ում մուտքը արգելված է Եվրամիություն։

Այս ամիս Եվրամիությունը պետք է կրկին քննարկի պաշտոնական Մինսկի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու հարցը, իսկ մայիսին Հոկեյի միջազգային ֆեդերացիան կքննարկի հոկեյի աշխարհի 2014 թվականի առաջնությունը Բելառուսից տեղափոխելու հարցը։