Նախագահը խոստանում է արդարության «բոլորովին ուրիշ մակարդակ»

Your browser doesn’t support HTML5

Նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի օրը ելույթ է ունեցել ընտրողների հետ հանդիպում-հանրահավաքում մայրաքաղաքի Էրեբունի համայնքում` խոստանալով ապահովել արդարության «բոլորովին ուրիշ մակարդակ»:

Երկրի նախագահն ու իշխող կուսակցության առաջնորդը բազմաթիվ խոստումներ տվեց հավաքվածներին:

Անդրադառնալով ներքին քաղաքականությանը` Սերժ Սարգսյանը ասաց. - «Ներքին քաղաքականության մեջ ինչ որ արվել է` խղճով է արվել: Ամենակարեւորն այստեղ մթնոլորտի փոփոխությունն է, թշնամանքը բացառելու հավատն ու ջանքերն էին, ու էլի շարունակելու ենք: Ընդդիմախոսելու ու քաղաքական բանավեճ վարելու նոր ավանդույթի ձեւավորումն էր, որ էլի շարունակելու ենք: Հարցերը հանգիստ ու սթափ քննարկելու, խաղաղ ընտրությունների գնալու պատասխանատվությունն է, որ միշտ անփոփոխ է եղել: Ընդդիմախոսներին առանց ազգի թշնամի հայտարարելու ընդդիմախոսելի իրավունքը վերադարձնելն է, որ շարունակվելու է: Որովհետեւ ընդդիմությունը իշխանությունների զգաստության եւ զգոնության պայմանն է… Քանի որ մենք իշխանություն ենք, մենք ուղղակի պարտավոր ենք հանդուրժողական լինել»:

Խոսելով քաղաքացու ազատությունների մասին` նախագահը խոստացավ մի քանի տարվա ընթացքում Հայաստանում ապահովել ազատությունների լրիվ ուրիշ մակարդակ. - «Մեծ քայլեր են արվել եւ արվում են իրավական պետություն դառնալու ուղղությամբ: Դրանց ձայնը դեռ լսվելու է ամբողջ թափով: Հաշվի առնելով տասնամյակներ ի վեր ամրացած հոռի բարքերը` այո, դա բարդ խնդիր է, չեմ ժխտում: Բայց մի քանի տարի` եւ մենք միասին կապահովենք արդարության բոլորովին ուրիշ մակարդակ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար»:

Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը` նախագահը կրկին խոստացավ մի քանի տարում բարձրացնել Հայաստանի վարկն ամբողջ աշխարհում. - «Արտաքին քաղաքականության մեջ ինչ որ արվել է, արվել է կշռադատված, հավատով եւ խղճով ենք արել… Մենք միշտ քայլ ենք արել, եւ մեր նախաձեռնությունները եղել են ու կան նպատակային: Այսպես շարունակելու ենք ու ավելի համարձակ ենք շարունակելու: Մի քանի տարի` եւ մենք կապահովենք աշխարհում Հայաստանի Հանրապետության դերի ու նրա ընկալման բոլորովին ուրիշ մակարդակ»:

Տնտեսության ոլորտում, նախագահի վստահեցմամբ, հաջողվել է դիմակայել ճգնաժամի հարվածներին եւ երկիրը զերծ պահել այն ցնցումներից, որ տեղի ունեցան եվրոպական մի քանի երկրներում:

«Բայց մեզ չհաջողվեց ապահովել այնպիսի տնտեսական աճ, որ էապես զգալի եւ շոշափելի լիներ բնակչության լայն խավերի համար: Իսկ այսօր արդեն կարող ենք նոր բազմահազար աշխատատեղեր ստեղծելու նպատակը արդյունավետ իրականացնել: Անկեղծորեն ասեմ` մենք շունչ քաշելու ժամանակ չենք ունեցել, բայց հիմա ունենք: Մի քանի տարի` եւ մենք միասին կապահովենք աճող տնտեսության ուղղակի ազդեցության էական ավելացում յուրաքանչյուրի բարեկեցության վրա», - հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Տնտեսական առաջնահերթությունները, սակայն, նախագահի ներկայացմամբ, առաջնային չեն Երեւանի նկարագիրը պահելու խնդրի հանդեպ. - «Ես ձեզ խոստանում եմ` այսուհետեւ այդպես չի լինելու: Ավելին` մենք օրենքով բացառելու ենք Երեւանի կենտրոնի որեւէ կառուցապատում` եթե այն չի պատշաճում մայրաքաղաքի ճարտարապետությանը»:

Հանրահավաքի վերջում Սերժ Սարգսյանը խնդրեց էրեբունցիներին մայիսի 6-ին իրենց ձայնը տալ Հանրապետական կուսակցությանը, նաեւ` քվեարկել մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Մհեր Սեդրակյանի օգտին:

Your browser doesn’t support HTML5

Նախագահը խոստանում է արդարության «բոլորվին ուրիշ մակարդակ»