Բուզանդ փողոցի նախկին բնակիչները կրկին դիմում են ԵԴ

«Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Բաղդասարյան

Անցած տարվա նոյեմբերին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է սեփականության իրավունքի վերաբերյալ Հայաստանին առնչվող 2 վճիռ եւ 5 որոշում, որոնցից 3-ը պահանջում են Բուզանդ 25 հասցեի նախկին սեփականատերեր Սեդրակ Բաղդասարյանին, Գրիգորի Հովհաննիսյանին եւ Լեւոն Ղասաբյանին տրամադրել յուրաքանչյուրին 115-117 քառակուսի մետր մակերեսով բնակարան նրանց քանդված տների տեղում կառուցված էլիտար շենքերում:

Հիշեցնենք, որ տվյալ շենքերը կառուցել է «Գրիար» փակ բաժնետիրական ընկերությունը: Նշված որոշումները, ըստ «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Բաղդասարյանի, կառավարությունը պարտավորվել է կատարել 3 ամսվա ընթացքում, սակայն այդ ժամկետը լրացել է մարտի 19-ին. - «Ժամկետը լրացել է, սակայն կառավարությունը ոչ մի բնակարան էլ չի հատկացրել, եւ մեր գրավոր նամակին պատասխանել են, որ դեռեւս ոչինչ չեն կարող անել: Մենք նորից դիմել ենք Եվրոպական դատարան, որպեսզի վերականգնի այս գործը եւ արդեն վճիռ կայացնի, որի չկատարման դեպքում կիրառվում են սանկցիաներ»:

Բնակիչները նշում են, որ պետությունը 2004 թվականին իրացման գոտու բնակիչներին, այդ թվում` իրենց, տրամադրել է չնչին գումարներ` 115-117 քառակուսի մետրի դիմաց 20 հազար դոլար, ինչը չի բավականացրել նույնիսկ ծայրամասում տուն գնելու համար, մինչդեռ հայտնի է, թե այդ փողոցում բնակարաններն ու հողատարածքը ինչ գներով են վաճառվում, բացի այդ` խախտվել են իրենց իրավունքները:

Մինչեւ այսօր, Բաղդասարյանի պնդմամբ, իրենց հստակ ոչինչ չեն առաջարկել. - «Եթե ինձ ավելի քիչ մակերեսով բնակարան առաջարկեն, ես էլի կհամաձայնեմ, բայց մինչեւ օրս առաջարկները վերացական են եղել»:

Բուզանդ փողոցի նախկին բնակչուհի Գոհար Ղարիբյանը եւս իր ընտանիքի հետ արդեն 7 տարի վարձով է բնակվում: Նա վստահեցնում է, որ Ամիրյան փողոցում գտնվող այն բնակարանները, որ կառավարությունը իբր իրենց է առաջարկել, արդեն վաճառված են: