Սեյրան Օհանյանը հանդիպել է Լեոն Պանետայի հետ

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան այսօր Պենտագոնում ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ասված է Պենտագոնի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։

Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությունը պաշտպանության բնագավառում, այդ թվում՝ Հայաստանի Զինված ուժերում իրականացվող բարեփոխումները։ Պանետան պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին զինված ուժերի ռազմական վերապատրաստման գործում։

Կողմերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։

Պետնատոնի ղեկավարը բարձր է գնահատել Աֆղանստանում եւ Կոսովոյում իրականացվող խաղաղարար առաքելություններին Հայաստանի ունեցած «նշանակալի ներդրումը», եւ հույս հայտնել, որ երկու երկրների միջեւ ռազմական համագործակությունը խորացնելու այլ հնարավորություններ եւս կլինեն։