Հայաստան -- «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի ելույթը ՕԵԿ 10րդ համագումարում, Երեւան, 3-ը մարտի, 2012թ․
Այսօր հրաժարական է ներկայացրել «Օրինաց երկիր» կուսակցության մամուլի քարտուղար Սուսաննա Աբրահամյանը:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Աբրահամյանը նշեց, թե հրաժարականը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՕԵԿ ղեկավարության կողմից անցած 6 տարիների իր կուսակցական աշխատանքը «ըստ արժանվույն» չի գնահատվել եւ ՕԵԿ համամասնական ցուցակում ինքը զբաղեցրել է, իր գնահատմամբ, ոչ անցողիկ 36-րդ հորիզոնականը:
«36-րդ համարը ինձ համար վիրավորական էր, որովհետեւ ես չեմ կարծում, որ մամուլի խոսնակի բարդ ու դժվարին գործը կարելի է գնահատել ոչ ըստ արժանվույն», - մեկնաբանեց նա։
Աբրահամյանը վստահ է, որ ցուցակում ինքը պետք է տեղ ունենար առաջին կամ երկրորդ տասնյակում:
«Ամեն օր շփման մեջ լինելով ԶԼՄ-ների հետ, դա նշանակում է քաղաքական կուսակցության գաղափարախոսությունը շատ ավելի լավ ընկալել, քան որոշ մարդիկ։ Հետեւաբար ես հասկացել եմ, որ ես խորհրդարանական ամբիոնից շատ ավելի լավ կարող էի ներկայացնել իմ կուսակցության քաղաքական գիծն ու գաղափարախոսությունը», - հայտարարեց Սուսաննա Աբրահամյանը։
Նա խոստացավ առաջիկայում պատասխանել այն հարցին, թե արդյոք պատրաստվում է դուրս գալ կուսակցության շարքերից, թե ոչ։
Սուսաննա Աբրահամյանը նաեւ հայտարարեց, որ իր եւ «Օրինաց երկիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի միջեւ առկա հակասությունների մասին լուրը «չի համապատասխանում իրականությանը»։